Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Հռոմի պապը խոսեց 20-րդ դարի առաջին Ցեղասպանության մասին և կատարեց Գրիգոր Նարեկացու վարդապետացման կարգ

Հռոմի պապը խոսեց 20-րդ դարի առաջին Ցեղասպանության մասին  և կատարեց 
Գրիգոր Նարեկացու վարդապետացման կարգ

ՎԱՏԻԿԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի իր քարոզում Հռոմի Ֆանցիսկոս պապն արտասանեց «Ցեղասպանություն» բառը՝ Հայոց Մեծ եղեռնը համարելով 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: 

Նա խոսեց նաեւ դրանից հետո տեղ գտած այլ ցեղասպանությունների մասին՝ հիշատակելով Ռուանդան: Հռոմի պապը ողջունեց պատարագին ներկա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին, Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին, Հայ կաթողիկե պատրիարք Ներսես-Պետրոս ԺԹ-ին: 

Նա խոսեց նաեւ հայերի հարուստ մշակութային ժառանգության մասին՝ նշելով երաժշտության, ճարտարապետության եւ այլ ոլորտներում դրա թողած անջնջելի հետքը: 

Ինչպես այս պահին Հռոմից տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, պատարագի ընթացքում կատարվեց նաև Սուրբ Գրիգոր Նարեկացու վարդապետացման կարգ: Հնչեց լատիներեն ֆորմուլան և Նարեկացին հայտարարվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ: 

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական է. առաջին անգամ է Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է անձամբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Սուրբ Պետոսի տաճարում հավաքված են պատվիրակություններ տարբեր մայրցամաքների երկրների հայկական համայքներից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am