Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Բրիտանական BBC-ն անդրադարձել է Դիարբեքիրի հայկական եկեղեցում Զատկի տոնակատարությանը

Բրիտանական BBC-ն անդրադարձել է Դիարբեքիրի հայկական եկեղեցում Զատկի 
տոնակատարությանը

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում տոնվել է Սուրբ Զատկի տոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բրիտնական BBC լրատվականի թուրքական ծառայությունը հատուկ ռեպորտաժ է պատրաստել հայկական եկեղեցում նախատոնական տրամադրությունների և արարողությունների վերաբերյալ:

Լրագրողը նշում է, որ եկեղեցու մի կողմում տոնի նախօրեին ներկվում են տոնական հավկիթները, իսկ մյուս կողմում պատրաստվում են Զատկի թխվածքները: 57-ամյա Սեմիհա Դեմիրը, ով եկել է եկեղեցի օգնելու նախապատրաստական խմբի աշխատանքներին, պատմել է, որ իր երկու պապերն էլ հայ են եղել, սակայն դարձել են մուսուլման: «Մենք էլ դաստիարակվեցինք մուսուլմանական արժեքներով, սակայն այժմ ես ինձ ո’չ մուսուլման եմ զգում, ո’չ էլ հայ»,- նշել է նա: Սեմիհան կարևորել է տարիների առաջ որպես ախոռ օգտագործվող եկեղեցու վերանորոգումն ու ներկայում այդտեղ կրոնական արարողությունների իրականացումը:

Բրիտանական պարբերականի լրագրողը նշում է, որ Դիարբեքիրում, ինչպես նաև դրա հարակից շրջաններում ներկայում շատ տարածված է «Իմ պապն էլ էր հայ» արտահայտությունը: Սակայն այսօր որպես մուսուլման մեծացած և դաստիարակված շատերն են, որ մկրտվել են և վերադարձել հայկական ինքնությանը: Նրանցից մեկն էլ հավկիթների պատրաստման գործին լծված Քնարն է, ով մկրտվել է 4 տարի առաջ: «Ես սասունցի եմ: Պապս 17 տարեկանում բռնի իսլամացվեց: Նրա անունը Չուչան էր, դարձավ Աբդուրրահման»,- պատմել է Քնարը` հավելելով, որ իր ամուսինը ևս մկրտվել է և վերադարձել հայկական ինքնությանը: «Երեք երեխա ունեմ, նրանք իրենց ինքնությամբ ավելի շատ մուսուլման են, սակայն ես շարունակում եմ կյանքս որպես հայ»,- ընդգծել է նա:

Արարողությունների մասնակիցներից մյուսը` Այթեն Էքիջին, իր պատմությունը ներկայացնելու մեջ նշել է, որ թեպետ իրենք վերապրածների թոռներ են, սակայն իրենց վերջը չեն կարողացել տալ: «Իմ շատ բարեկամները, ովքեր հեռացել են երկրից, չեն փոխել հավատը, սակայն բոլոր նրանք, ովքեր մնացել են այստեղ, ստիպված են եղել դառնալ մուսուլման: Հակառակ դեպքում ո’չ երեխաները կկարողանային գնալ դպրոց, ո’չ էլ որևէ գործ կունենային»,- ասել է Այթենը:

Լրագրողը պատմում է, որ ներկայում Դիարբեքիրում բնակվող հայերի թիվը շատ քիչ է: Իրենց հայկական ինքնությանը վերադարձածները 50-ն են: Եվ միայն 78-ամյա Սարգիս Էքենն է, որ Դիարբեքիրում ծնվել և մեծացել է որպես հայ: Առողջական խնդիրներ ունեցող Սարգիսը, ով խոստացել էր գալ եկեղեցի Սուրբ Զատկին, այդուհանդերձ չէր կարողացել պահել իր խոսքը:

Եկեղեցում իրականացված պատարագից հետո ներկա հյուրերին են բաժանվել ներկված հավկիթները և Զատկի թխվածքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am