Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սյունիքում բացվեց ճգնաժամային կառավարման մարզային կենտրոնը

Սյունիքում բացվեց ճգնաժամային կառավարման մարզային կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզում երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում, ապրիլի 1-ին Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի ուղեկցությամբ մասնակցել է Սյունիքի մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի բացմանը: Նախարարին ողջունելու էին եկել Պատանի երկրապահների ակումբի ներկայացուցիչները և Կապանի բնակիչները: Արմեն Երիցյանը զրուցել է բացմանը ներկա Կապանի բնակիչների հետ, հետաքրքրվել է նրանց հուզող խնդիրներով և հարցերով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման նախարարության և արտակարգ իրավիճակների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՏԿԱԻ նախարարը ծանոթացել է Սյունիքի ՃԿԿ-ի աշխատակազմի հետ՝ նշելով, որ այն գոնե 70 տոկոսով պետք է բաղկացած լինի բարձրագույն կրթություն ունեցող և առնվազն 3 լեզվի տիրապետող կանանցից, իսկ տղամարդկանց ներուժը հարկավոր է օգտագործել փրկարարական աշխատանքների իրականացման ոլորտում:

ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկակարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը նախարարին ներկայացրել է մարզային ՃԿԿ-ի տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները: Ցանկացած ինքնաթիռի մուտքը մարզ միանգամից գրանցվում է ՃԿԿ-ի մոնիթորներին, կենտրոնի օդերևութաբանական համակարգը թույլ է տալիս կանխատեսել մարզի եղանակային պայմանները 10-օրյա ժամանակահատվածի համար: ՃԿԿ-ում հստակ գրանցվում է սեյսմիկ ակտիվությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև հարևան պետությունների տարածքներում:

Կենտրոնում գործում է GPS համակարգ, որի միջոցով մոնիթորների վրա հստակ երևում է, թե որտեղ է գտնվում շտապօգնության կամ փրկարարական մեքենան, ինչը թույլ է տալիս անձնակազմին ճիշտ կողմնորոշել, թե որ ուղղությամբ իրենք պետք է շարժվեն:

ՃԿԿ-ի աշխատանքային օպերատիվությունը ստուգելու նպատակով Արմեն Երիցյանը տեղում անձամբ կապ է հաստատել Լոռու մարզի և Երևանի փրկարարական վարչությունների հետ, վերջիններս զեկուցել են նախարարին օպերատիվ իրավիճակը: ՏԿԱԻ նախարարի հանձնարարականով, ամեն օր, առավոտյան 8:30-ի դրությամբ, ՃԿԿ-ից մարզային օպերատիվ տվյալները զեկուցվելու են Սյունիքի մարզպետին և Կապանի քաղաքապետին:

Դրական գնահատելով Սյունիքի ՃԿԿ-ի կառուցման աշխատանքները՝ Արմեն Երիցյանը հանձնարարել է շենքի առաջին հարկում հարմարություններ ստեղծել հաշմանդամների աշխատանքի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am