Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռիգայի նախարարական հանդիպմանը քննարկվում են տուբերկուլոզի հիմնահարցերը

Ռիգայի նախարարական հանդիպմանը քննարկվում են տուբերկուլոզի 
հիմնահարցերը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տուբերկուլոզը, որպես հանրային առողջապահական համաշխարհային խնդիր, արդիական  է նաև Հայաստանի Հանրապետության համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այս մասին Ռիգայում անցկացվող Արևելյան գործընկերության առաջին նախարարական հանդիպմանն իր ելույթում նշել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Տուբերկուլոզը դեռևս մնում է վարակիչ հիվանդությունների ցանկում և բազում մարդկային  կյանքեր խլում: Այս հիվանդությունը մարդկային պատմության ընթացքում ավելի շատ մարդկանց մահվան պատճառ է դարձել, քան որևէ այլ վարակիչ հիվանդություն։ Այն շարունակում է տարեկան մոտ 1.5 մլն կյանք խլել, և հաճախ թիրախ են դառնում բնակչության առավել խոցելի խմբերը»,-  նշել է Արմեն Մուրադյանը:

Տուբերկուլոզի հիվանդացության շեմը բարձրացել է 1990-ականներին` կապված  ԽՍՀՄ-ի կործանումից հետո արձանագրված տուբերկուլոզի համաճարակի հետ: 2000թ.  համաճարակային իրավիճակն ավելի է կայունացել, և տարեկան դեպքերի թիվը սկսել է կրճատվել 2005թ. սկսած: Տուբերկուլոզի տարածվածության ցուցանիշները տարեցտարի նվազում են:

«Չնայած որ մեր երկրում տարեցտարի նկատվում է տուբերկուլոզով հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազում (2014թ.` 34,7 և 1,6` 100 հազ. բնակչության հաշվարկով) և համաճարակաբանական իրավիճակի բարելավում` դեղակայունության խնդիրը դեռևս շարունակում է արդիական լինել», - ընդգծել է Արմեն Մուրադյանը:

Հայաստանն, ըստ ԱՀԿ-ի տվյալների, մտնում է Եվրոպական տարածաշրջանի 18 երկրների մեջ, որոնք ունեն դեղակայունության խնդիր:

ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ կառավարության կողմից հաստատված «Տուբերկուլոզի ազգային ծրագրի» շրջանակում իրականացնում է  միջոցառումներ, որոնք ուղղված են դեպքերի վաղ հայտնաբերմանը, ախտորոշմանը, բուժմանը` ներառելով նաև հիվանդության դեղակայուն ձևերը:

Արմեն Մուրադյանը հավելել է, որ ՀՀ առողջապահության նախարարության քաղաքականությունն այս հարցում ուղղված  է հիվանդների անհիմն հոսպիտալացումների թվի կրճատմանը, ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության բարելավման և բուժօգնության նոր մոտեցումների, մեթոդների ներդրմանը:

Նա հայտնել է, որ դեղակայուն տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակի բարելավման համար 2013թ. ներդրվել է կարեկցական բուժման նոր ծրագիր` հակատուբերկուլոզային նոր դեղերի կիրառմամբ։ Հակատուբերկուլոզային նոր դեղերի կիրառման փորձը  կարեկցական ծրագրի ներդրումով ներկայացված է ԱՀԿ Եվրոպական գրասենյակի կողմից տպագրված «Դեղակայուն ՏԲ-ի կանխարգելման, բուժման և վերահսկողության փորձը» հավաքածուում, որը լավագույն օրիանակ է եվրոպական տարածաշրջանի երկրների համար:

«Շնորհիվ ԱՀԿ-ի, Գլոբալ հիմնադրամի, «Բժիշկներ առանց սահմանների» և  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանում արդյունավետորեն կիրառվում են բուժօգնության նոր մոդելները, ինչպես տուբերկուլոզի արտաթոքային ձևով հիվանդների, այնպես էլ` դեղազգայուն հիվանդների և նրանց ընտանիքների անդամների բուժման դեպքում»,- ասել է Արմեն Մուրադյանը:

Տուբերկուլոզով հիվանդների հոսպիտալացման մակարդակի նվազեցման, ֆինանսական միջոցների առավել արդյունավետ օգտագործման և ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի ամրապնդման, ինչպես նաև ներհիվանդանոցային վարակների տարածումը կանխարգելելու, և հատկապես դեղակայունության շեմը նվազեցնելու նպատակով ՀՀ ԱՆ կողմից 2014թ. իրականացվել է ստացիոնար օղակի ֆինանսավորման մեխանիզմների բարեփոխումնախկին օր/մահճակալ ֆինանսավորման մեխանիզմից անցում կատարելով տուբերկուլոզի դեպքերի  քանակով և ֆիքսված արժեքով ֆինանսավորման: Այս փոփոխությունը նաև նախատիպ է հանդիսացել հոգեբուժական և նարկոլոգիական ծառայությունների համար:  ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի գրասենյակի աջակցությամբ մշակվել և ներդրվել են նաև հոսպիտալացման և դուրսգրման նոր չափանիշներ: Հետագա փոփոխությունները կապված են ՀՀ ԱՆ քաղաքականության առաջնահերությունների հետ և ուղղված կլինեն ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի բարելավմանը, ինչը կօգնի հիվանդության վաղ հայտնաբերմանը և բուժմանը նաև խոցելի խմբերի շրջանում: Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորման նոր մեխանիզմի շնորհիվ նախատեսվում է կատարել արագ հետազոտման արդյունավետ ապակենտրոնացում` մեթոդը հասանելի դարձնելով երկրի բոլոր շրջաններում։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am