Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ֆրանսիայի իշխանություններն ընդունել են կործանված A320-ի ուղեւորների ընտանիքների 325 անդամների

Ֆրանսիայի իշխանություններն ընդունել են կործանված A320-ի ուղեւորների ընտանիքների 325 անդամների

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի իշխանություններն ընդունել են կործանված A320 ինքնաթիռում գտնվող ուղեւորների ընտանիքների 325 անդամների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են գերմանական Lufthansa ավիափոխադրողի ներկայացուցիչները:

Խոսքն առավելապես վերաբերում Է Գերմանիայից եւ Իսպանիայից զոհվածների ազգականներին, որոնց համար երկու հատուկ ինքնաթիռ Է վարձակալվել Դյուսելդորֆում եւ Բարսելոնում: Սակայն կան նաեւ Արգենտինայից, Վենեսուելայից, Կոլումբիայից, Մեքսիկայից եւ Ճապոնիայից ընտանիքների ներկայացուցիչներ: Նրանք սկսել են Ֆրանսիա ժամանել դեռ մարտի 26-ին՝ սկզբում Մարսել, իսկ հետո նրանց տեղափոխել են A320-ի կործանման վայրի  մոտակայքում գտնվող Սեն լեզ Ալպ գյուղ:

Ընդհանուր առմամբ ֆրանսիական Ալպերում կործանված ինքնաթիռում ուղեւորներ կային մեկուկես տասնյակ պետություններից: Նրանց ընդունելու համար ֆրանսիական իշխանությունները նախապատրաստել Էին անհրաժեշտ բոլոր բնակարանային պայմանները, ինչպես նաեւ հոգեբանների ու թարգմանիչների օգնությունը: Հանգստյան օրերին հիշատակի պատարագ Է մատուցվել Դին լե Բենի հին եկեղեցու շենքում:

Մարտի 30-ին վթարի վայրում վերսկսվել են զոհվածների մարմինների մնացորդների եւ երկրորդ «սեւ արկղի» որոնումները, որից ստացվելիք տվյալները պետք Է լրացնեն տեղի ունեցածի պատկերը:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, զոհված ուղեւորների մերձավորների հետ զրուցել Է Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը, որը տեղեկացրել Է հետաքննության առաջին արդյունքների մասին: Ինքնաթիռի խցիկում խոսակցությունների՝ «սեւ արկղի» արած ձայնագրությունների վերլուծությունը ցույց Է տալիս, որ 150 մարդու կյանք խլած ողբերգության են հանգեցրել երկրորդ օդաչուի՝ 28-ամյա Անդրեաս Լուբիցի միտումնավոր գործողությունները: Ուշագրավ Է, որ նրա ծնողները նույնպես ժամանել են Ֆրանսիա, սակայն հենց սկզբից նրանք առանձնացվել են մնացած խմբից:

Germanwings ընկերության A320 մարդատար ինքնաթիռը, որը Բարսելոնից ուղեւորվում էր Դյուսելդորֆ, մարտի 24-ին կործանվել է Ֆրանսիայի հարավ-արեւելքում: Աղետը տեղի է ունեցել Վերին Պրովանսի Ալպերի դեպարտամենտի Տրուա-Էվեշե լեռնազանգվածի շրջանում՝ Դին լե Բեն բնակավայրից ոչ հեռու: Օդանավում եղել է 150 մարդ՝ 144 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ, որոնք բոլորն էլ զոհվել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am