Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Առաջիկա օրերին սպասվում են հորդառատ անձրևներ, որոշ շրջաններում` ձյուն

Առաջիկա օրերին սպասվում են հորդառատ անձրևներ, որոշ շրջաններում` ձյուն

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ողջ տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի անկում կդիտվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Այսօր միջերկրական ծովի շրջաններից մեզ է մոտենում ցիկլոնային դաշտ, երեկոյան ժամերին տեղումներն արդեն կսկսվեն: Վաղը սպասվում են կարճատև տեղումներ: Մարտի 30-ին ցիկլոնը հզորանալու է, և երկրի ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են ինտենսիվ հորդառատ տեղումներ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Գագիկ Սուրենյանը: Նրա տեղեկացմամբ` Լոռիում, Տավուշում, Սյունիքի նախալեռնային հատվածներում տեղումները կլինեն ձյան տեսքով, Արարատյան դաշտում` անձրևի: «Կդիտվեն ամպրոպներ, որոշ շրջաններում կտեղա կարկուտ, կդիտվի քամու ուժգնացում: Այդ օրը ջերմաստիճանը կտրուկ կնվազի Տավուշում, Լոռիում, Արցախում: Հանրապետությունում մարտի 30-ի ցերեկը ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, իսկ Տավուշում, Լոռիում, Սյունիքում` 12-15 աստիճանով: Ջերմաստիճանի անկումից հետո այդ շրջաններում ցերեկային ժամերին 0-5 աստիճան տաքություն կդիտվի»,-նշեց օդերևութաբանը: Նրա խոսքով` տեղումները կշարունակվեն ապրիլի 1, 2, 3-ին, բայց ոչ այն ուժգնությամբ, ինչ մարտի վերջին:

Գագիկ Սուրենյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում ցրտահարություն չի սպասվում: «Գիշերային ժամերին մենք 4 աստիճանից ցածր ջերմաստիճան չենք սպասում: Արարատյան դաշտի ողջ տարածքում ցրտահարության ռիսկեր չունենք, բայց ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, ցրտահարության վտանգը պահպանվում է մինչև ապրիլի 20-ը»,-հայտնեց բանախոսը:

Գագիկ Սուրենյանի տեղեկացմամբ` ջերմաստիճանի նկատելի բարձրացում կդիտվի ապրիլի 12-13-ից հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am