Huffington Post-ը անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը՝ կարևորելով հիշողության պահպանումը արվեստի միջոցով
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Huffington Post պարբերականը անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը «Հայացք դեպի Հայոց ցեղասպանությանը արվեստի տեսանկյունից» վերնագիրը կրող հոդվածում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոդվածի հեղինակը նշել է, որ XX-րդ դարը մեկնարկել էր մարդկության դեմ կատարված նման հանցագործությամբ, որը օրինակ դարձավ դրանից 25 տարի անց տեղի ունեցած Հոլոքոստի համար:
«Սակայն, նույնիսկ այսօր առկա է հայերի ջարդերի ժխտման քաղաքականությունը: Թուրքիան երբեք պաշտոնապես չի ընդունել Հայոց ցեղասպանությունը և շարունակաբար ջանքեր է գործադրում նվազեցնելու ողբերգության չափը՝ պակասեցնելով զոհերի ընդհանուր թիվը կամայական և տեսանելի ձևով», - նշված է հոդվածում:
«Անկասկած, նմանատիպ սարսափելի անարդարության շարանը կարիք ունի լինելու արվեստի և հասարակագիտության ոլորտների ուշադրության կիզակետում: Ցավոք, քիչ են լայն հանրությանը հայտնի գեղարվեստական ֆիլմերը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ես միայն կարող եմ թվել մի քանիսը. Կանադահայ Ատոմ Էգոյանի «Արարատ»-ը (2002), Պաոլո և Վիտտորիո Տավիանիների «Արտույտների ագարակը» (2007) և թուրք-գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Ակինի «Սպի»-ն», - նշել է հոդվածի իտալացի հեղինակ Մաուրիցիո դե Բոնիսը:
Հոդվածում հեղինակը հիշատակել է մոտ քսան տարի առաջ իր այցելությունը Միլանի Հանրային հնագիտական թանգարան, որտեղ ցուցադրված էին գերմանական լուսանկարիչ Արմին Վեգների և այլոց լուսանկարները՝ արված 1915-1916 թթ. Արևմտյան Հայաստանում:
«Հայոց ցեղասպանությունը չպետք է մնա լռության մեջ: Արվեստագետները պետք է ներգրավվեն հիշողության փոխանցման գործում` մանավանդ երիտասարդ սերնդին, քանի որ վերջիններս պատկերացում ունեն Հոլոքոստի վերաբերյալ: Այս առումով լուսանկարչությունն ու կինոն կարող են օգտակար լինեն մեկնարկելու անցյալի կարևորման գործընթացը, որը չի կարելի ջնջել և մոռանալ», - նշված է հողվածում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում