Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կարմիր խաչը անհայտ կորածների հարազատներից ԴՆԹ նմուշներ է հավաքագրում

Կարմիր խաչը անհայտ կորածների հարազատներից ԴՆԹ նմուշներ է 
հավաքագրում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը նախաձեռնել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով անհայտ կորածների հարազատներից կենսաբանական նմուշներ հավաքագրելու ծրագիրը: Այս թեմայով «Արմենպրես»-ը զրուցել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտի հետ:

Ծրագրի պիլոտային փուլը հաջողությամբ անցկացվել է նախորդ տարեվերջին, մոտակա շաբաթների ընթացքում կտրվի դրա հիմնական փուլի մեկնարկը: «Անցյալ տարի մենք իրականացրել ենք ծրագրի պիլոտային փուլը, որի ընթացքում անհայտ կորածների ընտանիքների անդամներից հավաքել ենք կենսաբանական նմուշներ` ԴՆԹ ստանալու նպատակով: Խոսքը գնում է անհայտ կորածների մի քանի հարազատներից ներթշային նմուշ վերցնելու մասին, որը վերամշակելու արդյունքում ստացվում է կենսաբանական նմուշ, և կկցվի անհայտ կորածի անկետային: Այս ծրագրի իմաստը նրանում է, որ եթե մեկ օր հնարավոր դառնա կատարել արտաշիրիմում, այդ նմուշները կօգտագործվեն մասունքների նույնականացման նպատակով, ինչը հնարավորություն կտա ընտանիքներին պատասխաններ տալ իրենց հարազատների ճակագատրի վերաբերյալ»,-ասաց Սարա Էպրեխտը:

ԿԽՄԿ ներկայացուցչի խոսքով` նմուշների հավաքագրման գործընթացը բավականին բարդ է, քանի որ ոչ միշտ է պատահում, որ անհայտ կորածների հարազատները մեկ տեղում լինեն և նմուշները համակարգված ձևով հավաքվեն: «Ծրագիրն իրականացվում է թե Հայաստանում, թե Ադրբեջանում 4.5 հազար անհայտ կորածների ընտանիքների հետ: Այդ գործընթացի իրականացումը մի քանի տարի կտևի: Վերջում ստացված տվյալները` կենսաբանական նմուշների պահոցը, մենք կհանձնենք Հայաստանի և Ադրբեջանի Անհայտ կորածների, ռազմագերիների ու պատանդների հարցերով հանձնաժողովներին: Այնուհետև կտեսնենք` ինչպես կզարգանան իրադարձությունները` պատրաստ լինելով շարունակել գործել որպես անկախ միջնորդ կողմերի միջև»,-նշեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարը: Նրա տեղեկացմամբ` 4.5 հազար անհայտ կորածներից 400-ը Հայաստանի Հանրապետությունից են, 400-ը Արցախից, իսկ  մնացած 3 հազար 700-ը Ադրբեջանի տվյալներն են:

Չնայած նրան, որ ադրբեջանական կողմից անհայտ կորածների թիվը 4.5 անգամ գերազանցում է ՀՀ-ից և Արցախից միասին վերցրած կորածների թվին` Սարա Էպրեխտը նշեց, որ դրանք ԿԽՄԿ Բաքվի գրասենյակում գրանցված դեպքերն են: «Մենք երբեք չենք առաջնորդվում որևէ կողմի պաշտոնական կամ պետական վիճակագրական տվյալներով: Մեզ համար հիմք է հանդիսանում ընտանիքը, նրանց դիմումը ԿԽՄԿ հակամարտության պատճառով հարազատներից որևէ մեկին կորցնելու մասին: Մեզ մոտ հարցաշարեր են լրացվում, որտեղ մանրամասնությամբ նկարագրվում են տվյալ անձի մասին կարևոր տվյալներ: Սկսած նրանից, թե այդ մարդուն վերջին անգամ երբ են տեսել, ում հետ էր, ինչ տեսք ուներ, նրա առողջական վիճակի մասին տեղեկատվություն, նույնիսկ մանկության տարիներին տարած հիվանդությունների մասին ինֆորմացիա: Բոլոր տեսակի տվյալներ, որոնք հետագայում կարող են օգնել նույնականացման գործընթացում: Այդ հարցաշարերը մենք սկսել ենք լրացնել հենց հետպատերազմական ընթացքում, իհարկե, հետո համակարգված ձեւով դրանք թարմացվել են»,-տեղեկացրեց Սարա Էպրեխտը:

Զրուցակիցը շեշտեց այն հանգամանքը, որ չկա որևէ հաստատում, որ անհայտ կորած մարդիկ բոլորը մահացել են կամ նրանից որևէ մեկը ողջ է, բայց այն, ինչ հնարավոր է կատարել այժմ, ինքնությունը պարզող բազայի ստեղծումն է: «Այս ամբողջ անորոշության մեջ մենք գիտակցում ենք, որ այն, ինչ անհրաժեշտ է անել, պետք է կատարենք հիմա, ինչը հետագայում կարող է օգնել որոշակի պարզաբանումներ տալ այն դեպքերում, երբ հակամարտության կողմերը գան համաձայնության և ի հայտ գա ինքնության որոշման հարցը: Խոսքը չի գնում նրա մասին, որ նշյալ գործընթացը տեղի կունենա հենց վաղը, այլ «երբ» և «եթե» դա տեղի ունենա իրավիճակների մասին է խոսքը»,-ընդգծեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարը:

Ի դեպ, Երևանի հանրային վայրերից մեկում նախատեսվում է անհայտ կորածներին նվիրված հուշարձանի տեղադրում: «Երկար ժամանակ տևեցին բանակցությունները, այժմ որոշակի դրական շարժեր կան: Երևանի քաղաքապետարանի և ՀՀ քաղաքաշինության նախարարության համաձայնությամբ` կկանգնեցվի հւշարձան, որը ընտանիքներին հնարավորություն կտա հավաքվել այնտեղ, իսկ հանրությանը` առավել իրազեկված լինել այս կարևոր հարցի մասին»,-տեղեկացրեց Սարա Էպրեխտը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am