Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Համայնքների կայուն զարգացումն սկսվում է մաքուր ջրից

Համայնքների կայուն զարգացումն սկսվում է մաքուր ջրից

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրի համաշխարհային օրն առիթ է բարձրաձայնելու ջրային ռեսուրսների կառավարման հիմնախնդրի մասին: «Լինե′նք հոգատար Հայաստան-Ջրի համաշխարհային օր 2015» սոցիալական-բնապահպանական նախագծի շրջանակում Երևանում անցկացվում է «Ջուր և համայնքային կայուն զարգացում» թեմայով ազգային կոնֆերանս: Միջոցառումների կազմակերպիչներն են SPRING PR ընկերությունն ու «Ազգային ջրային համագործակցություն» հասարակական կազմակերպությունը:

«Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ նախագահ Արևիկ Հովսեփյանի խոսքով` իրենք փորձում են որոշում կայացնողների ուշադրությունը հրավիրել, հիմնականում, ջրային ենթակառուցվածքների զարգացման վրա. ջրամատակարարում, ջրահեռացում, անձրևաջրերի հեռացում, կեղտաջրերի մաքրման համակարգեր: Այդ նպատակով կամզակերպությունը Փարաքար համայնքում դրամաշնորհային ծրագրով իրականացրել է կեղտաջրերի հեռացման կայանի կառուցումը: «Հայաստանում կեղտաջրերի մաքրման խնդիրները շեշտադրված են: Վերջին տարիներին կառավարությունն այդ ուղղությամբ աշխատում է: Հինգ քաղաքներում դրամաշնորհային ծրագրով կառուցվել են մաքրման կայաններ, որտեղ իրականացվում է միայն մեխանիկական մաքրում, իսկ Փարաքարի կայանում կատարվում է նաև կենսաբանական մաքրում: Այսինքն` ջուրն ամբողջությամբ մաքրվում է, եւ կեղտաջրից ստացվում է ոռոգման համար պիտանի ջուր»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Արևիկ Հովսեփյանը` ավելացնելով, որ եթե նախկինում այդ ջուրը խառնվում էր ոռոգման ջրին ու աղտոտում այն, ապա այժմ լրացուցիչ մաքուր ջրի պաշարներ են առաջանում:

Արևիկ Հովսեփյանի տեղեկացմամբ` նման կայանների անհրաժեշտություն ունեն շատ համայնքներ, բայց այստեղ անհրաժեշտ են ֆինանսական ռեսուրսներ թե’ համայնքային ներդրման, թե’ դրամաշնորհների տեսքով: «Կայանի արժեքը կախված է նրանից, թե դրա կառուցման ինչ տեխնոլոգիա է ընտրվում, բայց դասական կայանների համեմատությամբ արժեքը երկու անգամ ցածր է: Այս կայանի համար ծախսել ենք առավելագույնը 400 հազար դոլար, որը համայնքային ներդրման և դրամաշնորհային ծրագրով է իրականացել: Մենք ուզում ենք, որ այդ մաքրման կայանը դառնա ուսանողների համար ուսուցողական բազա, որտեղ կարող են տարբեր փորձեր անել, առաջարկել կայանի գորունեության արդյունավետության բարձրացման  մեխանիզմներ»-ասաց Արևիկ Հովսեփյանը` շեշտելով այն գաղափարը, որ կեղտաջուրը պետք է դիտարկել որպես ջրային ռեսուրս:

SPRING PR ընկերության հիմնադիր Տաթև Սիմոնյանի խոսքով` հինգ տարվա համագործակցված աշխատանքի ամենամեծ ձեռքբերումը գործընկերային դաշտի ստեղծումն ու շահագրգիռ կողմերի ներգրավվածությունն է Հայաստանի համար կարևոր ջրային հիմնախնդիրներին լուծում տալու հարցում: «Երբ ստեղծում էինք «Լինենք հոգատար Հայաստան» նախագիծը, ուսումնասիրեցինք ՄԱԿ-ի միջոցառումների ընդհանուր ցանկը, որտեղ աշխարհի տարբեր երկրների կազմակերպություններ մանակցում էին բազմազանմիջոցառումների, բայց Հայաստանը չկար այդ քարտեզի վրա: Արվածի մասին էլ չէր բարձրաձայնվում: Մենք այսօր կարող ենք ասել, որ ունենք մեր տեղը ՄԱԿ-ի ընդհանուր ծրագրերի շարքում, ինչը հնարավորություն է տալիս գրավել նաև միջազգային կառույցների ուշադրությունը»,-ընդգծեց Տաթև Սիմոնյանը:

Նա նշեց, որ հանրության ուշադրությունը կարևոր հիմնախնդիրների վրա ուղղելու հարցում իրենց աջակցում են մշակույթի գործիչներ, փոփ աստղեր, հասարակական սեկտորի ակտիվ մասնակիցներ: «Նրանց միջոցով մեզ համար ավելի հեշտ է սոցիալական բարդ հաղորդագրությունները փոխանցել մեծ թվով մարդկանց: Արվել են լուսանկարներ, որոնք փոխանցում են յոթ կարևոր ուղերձներ` ջուր և առողջություն, ջուր և արդյունաբերություն, ջուր և քաղաքաշինություն, ջուր և էներգիա, ջուր և պարեն, ջուր և բնություն, ջուր և հավասարություն»,-հայտնեց Տաթև Սիմոնյանը:

Նրա խոսքով` «Լինենք հոգատար Հայաստան» նախագծի ուշադրության կենտրոնում են պահվում նաև այն համայնքները, որոնք հնարավորություն ունեն զարգացնել տուրիզմը Հայաստանում: «Դրանցից մեկը Ենոքավան համայնքն է, որտեղ կան լավ հանգստյան գոտիներ, լավ պոնեցիալ, բայց գյուղն ինքնին այնքան էլ զարգացած չէ»,-ավելացրեց Տաթև Սիմոնյանը:

ՄԱԿ-ի օրացույցով մարտի 22-ը ջրի միջազգային օրն է, որը նշվում է 1992 թվականից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am