ԱՄՆ Կարսոն քաղաքի խորհուրդը մերժել է Աթաթուրքի արձանը տեղադրելու առաջարկը
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կարսոն քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն դեմ է քվեարկել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը կանգնեցնելու մասին առաջարկին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը: Արձանը տեղադրելու առաջարկի քննարկման ժամանակ դրան դեմ են արտահայտվել Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, Մոնտեբելլոյի քաղաքապետ Ջեք Հադջինյանը, պրոֆեսոր Լևոն Մարաշյանը, Գլենդել քաղաքի քարտուղար Արտաշես (Արդի) Քասախյանը և այլոք:
Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ռաիֆե Գուլրու Գեզերը մեկն է եղել քչերից, ովքեր իրենց ելույթում կողմ են արտահայտվել արձանի տեղադրմանը: Անգամ Կարսոնի քաղաքապետ Ջիմ Դիըրը, ում պատկանում էր հուշարձան տեղադրելու առաջարկը, քվեարկության ժամանակ փոխել է իր որոշումն ու դեմ քվեարկել:
Արձանի տեղադրմանը դեմ են նաեւ ամերիկաբնակ հույները: Նրանք ստորագրահավաք են սկսել ու նամակի տեքստ են պատրաստել` հորդորելով քաղաքային խորհրդի անդամներին Ցեղասպան պետության արձան չդնել ժողովրդավար երկրում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում