Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երեմ Սարգսյանը հերթական միջնորդությունն է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե

Երեմ Սարգսյանը հերթական միջնորդությունն է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը մարտի 2-ին նոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե: «Ես միջնորդություն եմ ներկայացրել, որպեսզի մեզ թույլատրեն ներկա գտնվել դատաձգաբանական, դատաքիմիական, դատակենսաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններին, որոնց ընթացքում պետք է հետազոտվեն դեպքի վայրը, Վալերի Պերմյակովի հագուստը, զենքը և փամփուշտները»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում  ասաց նա և հավելեց, որ վերը նշված փորձաքննությունները նպատակ ունեն պարզելու` արդյոք հագուստի վրա արյան հետքեր կա՞ն, թե ոչ, բոլոր փամփուշտները նույն զենքի՞ց են արձակվել, թե ոչ, ինչպես նաև արդյոք զենքի վրա խլացուցիչ տեղադրելու հնարավորություն կա՞ր, թե ոչ:

Ըստ Երեմ Սարգսյանի`վերը նշված փորձաքննություններին ներկա լինելը հետապնդում է երկու նպատակ: «Առաջին նպատակը`ուշադրություն դարձնել բոլոր հարցերի պարզաբանման ընթացքին, երկրորդը` ստիպել, որպեսզի փորձաքննությունները հնարավորինս արագ կատարվեն»,-նկատեց Սարգսյանը:

Անդրադառնալով նախաքննական մարմնի Պերմյակովի կողմից սահմանն ապօրինի հատելու փորձի դրվագով քրեական գործ հարուցելու նախորդ միջնորդությունը հետաձգելու որոշումը բողոքարկելու ընթացքին`Երեմ Սարգսյանը ընդգծեց, որ բողոքարկումը պարտադիր իրականացվելու է: «Քանի որ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այս ուղղությամբ բողոք էր ներկայացրել դատարան, ես մի փոքր սպասեցի իրադարձությունների զարգացմանը: Սակայն արդեն պարզ է, որ դիրքորոշումը նույնն է լինելու, բայց անկախ նրանից, թե վերջնական ելքը, ինչպիսին կլինի, պարտադիր կբողոքարկենք ՀՀ քննչական կոմիտեի որոշումը, որպեսզի հետագայում տուժողների շահերի պաշտպանության առումով ավելի ամուր դիրքերում լինենք»,-հավելեց Սարգսյանը:

Ավելի վաղ` Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ ՍարգսյանըՊերմյակովի կողմից պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու  հատկանիշներով քրեական գործ հարուցելու միջնորդություն էր ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե, որին ի պատասխան նախաքննական մարմինը գրավոր պատասխանել էր, որ Պերմյակովի կողմից Հայաստանի պետական սահմանը ապօրինի հատելու փորձ կատարելու դրվագով սպանության գործի քննության շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ և համապատասխան հիմքերի առկայության դեպքում կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական, կկայացվի քրեական հետապնդումհարուցելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում:  

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին  մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am