Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տարվա ժամանակակից հայ հեղինակը Լևոն Խեչոյանն է. «Արմենպրես»-ն անցկացրեց «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունը

Տարվա ժամանակակից հայ հեղինակը Լևոն Խեչոյանն է. «Արմենպրես»-ն 
անցկացրեց «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության Հայաստանի ամենապահանջված գրքերը ներկայացնող  «Երեւանյան բեսթսելեր» հատուկ նախագիծն արդեն երկրորդ անգամ յուրահատուկ նախաձեռնությամբ ամփոփեց տարին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում, Մայրենի լեզվի խորհրդանշական օրը` փետրվարի 21-ին անցկացվեց «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունը և մի շարք անվանակարգերում հայտարարվեցին հաղթողները: Մրցանակաբաշխության նպատակն էր արժանին մատուցել տարվա ընթացքում ամենապահանջված գրական ստեղծագործությունների հեղինակներին, թարգմանիչներին, հրատարակիչներին:   

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը մրցանակաբաշխության մեկնարկին շնորհակալություն հայտնեց միջոցառման մասնակիցներին՝ նախագիծն ուշադրության արժանացնելու համար: 

«Այս տարի երկրորդ անգամ ամփոփում ենք տարին, որ մեզ համար ավարտում ենք փետրվարի 21-ին՝ Մայրենի լեզվի օրը: 52 շաբաթ փորձում ենք հաշվարկել այն գրքերը, որոնք մեր ընթերցողների ուշադրությունն են գրավում: Անցյալ տարի մենք իրականացրինք առաջին մրցանակաբաշխությունը, այս տարի` երկրորդը, և հույս ունենք, որ սա կդառնա լավ ավանդույթ: Մեր նախագիծը խղճի մտոք ենք իրագործում, որպեսզի խթանենք ընթերցանությունն ու ընթերցասիրությունը, որպեսզի ընթերցանությունը մեզ առավելապես հատուկ լինի»,- նշեց Արամ Անանյանը:  

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենի համոզմամբ՝ մենք ժողովուրդ ենք, որը դարեր շարունակ չունենալով պետականություն, օտար նվաճողների հարձակումների ժամանակ անգամ, փրկագնում է ձեռագրերը: «Մարդիկ առաջնորդվում էին «Ոչ միայն հացիվ»-ի սկզբունքով, կարևորում էին գիրքը՝ որպես հիշողություն, մեր մշակութային ժառանգականության շարունակականության մի մաս»,- նշեց նա:

Մրցականակաբաշխությանը Տարվա ժամանանակից հայ հեղինակ ճանաչվեց (հետմահու) Լևոն Խեչոյանը՝ «Մհերի դռան գիրքը» վեպի համար:

«Տարվա արտասահմանյան բեսթսելեր» անվանակարգում առաջատարն են Գաբրիել Գարսիա Մարկեսի` «Բուկինիստ» հրատարակչության  լույսընծայած ստեղծագործությունները («Նահապետի աշունը», «Սերը ժանտախտի օրերին», «Հարյուր տարվա մենությունը»):

Տարվա ամենապահանջված թարգմանությունը կատարել է Զավեն Բոյաջյանը: Նա թարգմանել է Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» ( «Անտարես» հրատարակչություն):

Տարվա մանկական գիրքը՝  «Աշխարհի իմաստուն հեքիաթներ»-ը կազմել է Շավարշ Կարապետյանը («Էդիթ Պրինտ» հրատարակչություն):

Բեսթսելերների տարվա հրատարակիչը «Անտարես»-ն է:

«Մանդիլիոն» գրքի համար հատուկ մրցանակ ստացավ երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը:

Լևոն Անանյանի անվան հատուկ մրցանակի արժանացավ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը՝ «Երիտասարդ գրողների անթոլոգիա»-ի համար:

Նախագծի բարեկամ ճանաչվեց Ալեքսան Մոսոյանը՝ նախագծին համակողմանի օժանդակություն ցուցաբերելու համար:

Մրցանակների արժանացածները կարևորեցին նախագծի իրականացումը՝ ընդգծելով, որ «Երևանյան բեսթսելերը» և «Մանկական բեսթսելերը» խթանում են ընթերցանությունը:

«Երևանյան բեսթսելերը» միտված է հայ գրքի, գրականության, ընթերցանության խրախուսմանը: Նախորդ տարի եւս, համադրելով Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի օրերը` «Արմենպրես»-ն անցկացրեց մրցանակաբաշխությունը` վեց անվանակարգերում:

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծը «Արմենպրես»-ի հաջողված եւ ընթերցված նախագծերից է, որն արդեն ավելի քան 100 շաբաթ շարունակում է հավաքել և ներկայացնել գրախանութների տրամադրած տվյալները` ամենավաճառվող գրքերի մասին: Նախագծի` մանկական լսարանին միտված գրականությունը ներկայացնող մյուս տարբերակն է «Մանկական բեսթսելերը», որը հաջողությամբ շարունակում է իր ընթացքը: «Արմենպրես»-ի այս հատուկ նախագիծը գիրքն ու գրականությունը լավագույնս եւ անաչառ ներկայացնելու համար նախորդ տարի արժանացել էր «Գրքի ընկեր», իսկ այս տարի` «Գրական սըր» մրցանակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am