Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ

ՀՀ վարչապետն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ 
համագործակցության հարցերի լայն շրջանակ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ վարչապետը բարձր է գնահատել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները և կարևորել դրանց շարունակական խորացումը:

ԻԻՀ արտաքին գործերի նախարարը ՀՀ վարչապետին է փոխանցել ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույնները և նշել, որ ՀՀ վարչապետի՝ 2014թ. հոկտեմբերին ԻԻՀ կատարած պաշտոնական այցը նպաստել է երկու երկրների հարաբերությունների խորացմանը և ամրապնդմանը: Պարոն Զարիֆի խոսքով՝ Հովիկ Աբրահամյանն ինչպես Ազգային ժողովի նախագահի, այնպես էլ վարչապետի պաշտոնում նշանակալի ներդրում ունի հայ-իրանական կապերի սերտացման և ընդլայնման գործում:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Իրանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակից և ընդգծել, որ պետք է ջանքեր գործադրել առևտրատնտեսական համագործակցությունը ևս այդ մակարդակին հասցնելու ուղղությամբ:

Հովիկ Աբրահամյանը և Մոհամադ Ջավադ Զարիֆը քննարկել են հայ-իրանական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային ծրագրերին, որոնք կնպաստեն առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Այս համատեքստում կողմերն առանձնակի կարևորել են ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը, գոհունակություն հայտնել հանձնաժողովի վերջին՝ 2014թ. դեկտեմբերին Իրանում կայացած նիստի աշխատանքներից և շեշտել, որ դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն` ի շահ երկու երկրների և ժողովուրդների: Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը՝ Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ այն ևս կնպաստի հայ-իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին, կարևորվել հակամարտությունների խաղաղ կարգավորումը և տարածաշրջանի կայունությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am