Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շնորհակալ եմ իմ կալանակից ընկերներին, որոնք ինձ ոտքի կանգնեցրին. Վարդան Պետրոսյան

Շնորհակալ եմ իմ կալանակից ընկերներին, որոնք ինձ ոտքի կանգնեցրին. Վարդան 
Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է դերասան Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում կողմերը հանդես եկան ռեպլիկի՝ կարճ արձագանքի իրավունքով, իսկ Վարդան Պետրոսյանն ավարտեց իր վերջին խոսքը։

Տուժող կողմի իրավահաջորդ Արթուր Հակոբյանը նշեց, որ Վարդան Պետրոսյանի փաստաբանը, նաև մի գործարար բազմաթիվ անգամ փորձել են համոզել իրեն մեղքը վերցնել իր վրա, սակայն իր համար այդ պահանջներն անընդունելի են: «Անցած դատական նիստին Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած փաստերը սուտ են, իմ նախկին փաստաբանը ինձ փորձում էր համոզել հաշտեցման գնալ, սակայն ես հրաժարվեցի նրա ծառայություններից, քանի որ ես անընդունելի եմ համարել հաշտեցման այն պայմանները, որոնք ինձ առաջարկվում էին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասաց նա:

Մեղադրվող կողմի ներկայացուցիչները` փաստաբաններ Սամվել Ջաղինյանը և Նիկոլայ Բաղդասարյանը, իրենց ռեպլիկներում կրկին նշեցին, որ մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանն իր մեղադրական ճառում գրեթե չի անդրադարձել Վարդան Պետրոսյանի գործով փաստերի քննմանը: «Վարդան Պետրոսյան դատապաշտպան Մարի Դոզեն ինձ խնդրեց հիշեցնել մեղադրող դատախազին, որ եթե ՀՀ  քրեական օրենսգրքի 242 հոդվածով անձին որպես մեղադրյալ ներգրավելու դեպքում չի նշվում, որ  անձը օգտագործել է ալկոհոլ, ապա այդ հարցին կրկին անդրադառնալը` սխալ է»,-նշեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Այս դատավարության ընթացքում երկու բան է ինձ զարմացրել. առաջինը, թե ինչպես են ինձ ձերբակալելուց հետո պատգարակով հասցրել կալանավայր և վերջին դատական նիստին իմ լսած սարսափելի սուտը: Ես գիտեմ, որ դուք գիտեք, որ ես գիտեմ.... Ես գիտեմ, թե ինչու է այս գործն այսպես դասավորվել»,-ասաց Պետրոսյանը` մեջբերելով Պարույր Սևակի խոսքերը, որը նա ժամանակին ասել էր ՀԽՍՀ Գրողների Միության հերթական նիստին`նկատի ունենալով խորհրդային ռեժիմի վարած քաղաքականությունը:

Նա հավելեց, որ շատ շնորհակալ է իր փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին, որը աշխատում էր շատ ծանր պայմաններում: «Ես ասում եմ, Նիկոլայ, ես քեզնից պետք է հրաժարվեմ, քանի որ այդ ճնշմանը դիմանալը շատ դժվար է: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել լրագրողներին, որոնք լուսաբանում էին այս դատավարությունը, նրանց ջերմ խոսքերի համար, նաև շնորհակալ եմ իմ կալանակից ընկերներին, որոնք ինձ ոտքի կանգնեցրին»,-իր խոսքն այսպես ավարտեց Վարդան Պետրոսյանը:

Դատավոր Վաղինակ Մկրտչյանը վճիռը կհրապարակի հունվարի 29–ին ժամը 17:00-ին:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 16-ին տեղի ունեցած նիստին դատախազ Արթուր Սարգսյանը հանդես եկավ մեղադրական ճառով և պահանջեց Վարդան Պետրոսյանին դատապարտել 6 տարի 6 ամիս ազատազրկման:

Վարդան Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի երրորդ մասի հատկանիշներով(ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)մեղադրանք էր առաջադրվել այն բանում, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան և հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի երկրորդ կմ հատվածին իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն` 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի խախտում, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին, որի հետևանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղևորներ Էդվարդ և Էդգար Հակոբյանները մահացել են, իսկ ուղևորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաև վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ:Դատավարության ընթացքում տուժող կողմը պնդում էր, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ և այդ պատճառով է գերազանցել է թույլատրելի արագությունը։ Վարդան Պետրոսյանը, հերքելով այդ վարկածը փորձում էր ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի հողածածկ կողնակին, այլ երթևեկելի գոտում։

Մեղադրյալ Վարդան Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am