Հասարակական

ՀՀ իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի տեղի ունենա առավելագույնս արդար դատավարություն. ՀՀ վարչապետ (լրացված)

3 րոպեի ընթերցում

ՀՀ իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի տեղի ունենա առավելագույնս արդար դատավարություն. ՀՀ վարչապետ (լրացված)

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և կառավարությունը կանեն ամեն ինչ, որպեսզի գյումրեցիների` Գյումրու ոճրագործությունը բացահայտելու պահանջի իրականացման համար տեղի ունենա առավելագույնս արդար դատավարություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդից ողջ մնացած եւ հունվարի 19-ին Երեւանում մահացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանիհոգեհանգստից հետո:

«Հայաստանում է ՌԴ քննչական կոմիտեի նախագահը, և այժմ քննություն է իրականացվում: ՀՀ իշխանությունները՝ Նախագահի գլխավորությամբ, ամեն ինչ անում են, որպեսզի մեր ժողովրդի պահանջն ու խնդրանքն ի կատար ածվի: Տեղի ունեցածը մեզ համար մեծ դժբախտություն է, եւ Ավետիսյանների կորուստը մեծ է մեր ժողովրդի համար»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:

Նա ևս մեկ անգամ իր ցավակցությունները հայտնեց Ավետիսյանների հարազատներին և համոզմունք հայտնեց, որ դատարանը կսահմանի իր արդար պատիժը:

Այնուհետև ՀՀ վարչապետը նրան ուղեկցող ՀՀ առողջապահության և Տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարներ` Արմեն Մուրադյանի և Արմեն Երիցյանի, ինչպես նաև քաղաքային իշխանությունների ուղեկցությամբ Սուրբ Նշան եկեղեցուց ոտքով շարժվեց դեպի 7 Վերք եկեղեցի, որտեղ կատարեցին մոմառություն` ի հիշատակ Ավետիսյանների և նրանց հոգիների հանգստության:

Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 21-ին` ժամը 13:00-ին: Աճյունը կամփոփվի հարազատների կողքին` «Շիրակ» գերեզմանատանը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն:Երեխայի առողջական վիճակը հունվարի 19-ին վատացել էր: Խորացել էր երիկամային և սրտանոթային անբավարարությունը:Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել չհաջողվեց: Հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ: Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության եւ փոքրիկ Սերյոժային բազմաթիվ վնասվածքներ հասցնելու գործով մեղադրյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում