Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ռասել Քրոուի ֆիլմի առնչությամբ հայերն ու հույները ստորագրահավաք են անցկացնում

Ռասել Քրոուի ֆիլմի առնչությամբ հայերն ու հույները ստորագրահավաք են 
անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալացի դերասան Ռասել Քրոուի նոր «The water diviner» (Ջուր փնտրողը) ֆիլմը սփյուռքում մեծ աղմուկ է բարձրացրել: Գալիպոլիի ճակատամարտի մասին պատմող ֆիլմն ի սկզբանե ներկայացվում էր որպես Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հայ եւ հույն ժողովուրդների ցեղասպանության մասին պատմավավերագրական ֆիլմ: Իրականում, ֆիլմը խեղաթյուրել է պատմական փաստերն ու հանդիսատեսին ներկայացրել պատմական դեպքերն ու ընթացքը բացառապես թուրքական տեսանկյունից: Համացանցում մի շարք օգտատերեր այն վերանվանել են «Turkish diviner»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ֆիլմի առնչությամբ Ավստրալիայում եւ ԱՄՆ-ում բողոքի մեծ ալիք է բարձացել: Մասնավորապես The spectator պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել ֆիլմի առնչությամբ: Հեղինակը ներկայացրել է մի շարք հայտնի իրավաբանների, պատմաբանների տեսակետը, թե իրականում ինչ է կատարվել Թուրքիայում առաջին աշխարհամարտի ժամանակ: Բացի այդ, հայերն ու հույները համատեղ սկսել են ստորագրահավաք` ընդդեմ ֆիլմի: Սփյուռքի հայկական եւ հունական պարբերականներն իրենց կայքեջերում տեղադրել են նամակի պատճենը` կոչ անելով ստորագրել այն եւ ուղարկել ֆիլմարտադրող կինոընկերություններին` ավստրալական Universal Studios Entertainment One-ին եւ ամերիկյան Warner Bros. Pictures-ին,  ֆիլմի պրոդյուսերներին, սցենարի հեղինակին, ռեժիսորին եւ դերասաններին:

«Horizon weekly»-ն ֆիլմի առնչությամբ գրում է, որ The water diviner ֆիլմը վիրավորել է հայերի ու հույների ցեղասպանությունը վերապրողների սերունդների արժանապատվությունը: Ֆիլմի հիմքում կեղծիքն է, տվյալ ժամանակահատվածի իրադարձությունների թյուր ներկայացումը: Թերթը գրում է, որ վերջին 2 շաբաթվա ընթացքում ստացել է հազարավոր նամակներ, որտեղ հիմնականում կոչ է արվում տեր կանգնել պատմական ճշմարտության ներկայացմանն ու դառնալ այն մարդկանց ձայնը, ովքեր դաժանորեն սպանվել են այդ ժամանակահատվածում:

«Ես այս նամակը գրում եմ, որպեսզի արտահայտեմ այն սարսափը, որ ապրել եմ Ռասել Քրոուի «The water diviner» ֆիլմում ներկայացված պատմական իրադարձությունների խեղաթյուրումը տեսնելով: Ֆիլմը խեղաթյուրում է 1914-1923թթ. փաստերը: Ինչպե՞ս կարելի է պատմությունը խեղաթյուրող ֆիլմ նկարահանել, ինչպե՞ս կարող է Ռասել Քրոուն այնպիսի ֆիլմ ստեղծել, որ տպավորություն ստեղծվի, թե հույները հրեշներ էին, իսկ թուրքերը` զոհեր: Իրականությունը հակառակն է: Հույները Գալիպոլիի ճակատամարտի ժամանակ եղել են զոհեր: 1915թ. ապրիլի 24-ին, մինչ Գալիպոլիի ճակատամարտին Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Բանակային Կորպուսի ժամանումը (ANZAG), Օսմանյան կայսրությունում պետական հրամանով 240 հայ մտավորականների տեղահան արեցին եւ սպանեցին: Մինչեւ 1923թ. օսմանյան տարածքում սպանվել է 1,5 միլիոն հայ: Այս իրադարձությունները ֆիլմում կատարվում են, սակայն Ռասել Քրոուին հաջողվել է ֆիլմում թուրքերին զոհեր նեկայացնել: «The water diviner» ֆիլմը  վիրավորանք է ուղղված Ցեղասպանությունը վերապրածների սերունդներին եւ պետք է դատապարտվի: Եթե նկարահանվեր ֆիլմ, որտեղ Ադոլֆ Հիտլերը ներկայացվեր որպես հերոս, իսկ հրեաները ահաբեկիչներ, ապա  հասարակության վերաբերմունքը կլիներ շոկային եւ բոլորը կանարգեին այն: Ռասել Քրոուի ֆիլմը խեղաթյուրում է պատմական փաստերն ու ծառայում է միայն մեկ նպատակի, որպեսզի հանգստացնի Թուրքիային եւ ծառայի հիմք` հետագայում շարունակելու ժխտել Ցեղասպանությունը»:

Սա հատված է այն նամակից, որ հայերն ու հույներն առաջարկում են ստորագրել եւ ուղարկել կինոընկերությանը:

Հույները Facebook-ում The Greek Genocide: 1914-1923 էջ են ստեղծվել, որտեղ կոչ են անում բոյկոտել ֆիլմն ու համախմբվել հայերի հետ եւ համընդհանուր ջանքերով հասնելու պատմական ճշմարտության հաստատմանը: Միաժամանակ, ֆիլմն Ավստրալիայում ռեկորդներ է սահմանում: Առաջին տասը օրվա ընթացքում ֆիլմը շուրջ 10 միլիոն դոլարի շահույթ է ունեցել կինոդիտումներից:

Ֆիլմի պրեմիերան կայացել է դեկտեմբերի վերջին Ավստրալիայում եւ Թուրքիայում միաժամանակ: ԱՄՆ-ում նախատեսում են ֆիլմը ցուցադրել ապրիլի 24-ին: Ֆիլմում գլխավոր հերոսը Ռասել Քրոուն է, նա նաեւ ֆիլմի ռեժիսորն է: Կազմում շատ են թուրք դերասանները, ընդհանրապես նկարահանումների գերակշոռ հատվածը տեղի է ունեցել հենց Թուրքիայում: Վերոնշյալ քննադատությունների առնչությամբ կինոընկերությունն ու Ռասել  Քրոուն առայժմ որեւէ մեկնաբանություն չեն արել:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am