Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջան նավթադոլարների ներհոսքի նվազումը հարկադրել է հարկել բնակչության ավանդների տոկոսները

Ադրբեջան նավթադոլարների ներհոսքի նվազումը հարկադրել է հարկել բնակչության ավանդների տոկոսները

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Նախագահի աշխատակազմը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել բանկերում եւ այլ վարկային կազմակերպություններում բնակչության ավանդների տոկոսները հարկելու մասին օրինագիծ: Այն մոտ օրերս պետք է քննարկման դրվի խորհրդարանի տնտեսական քաղաքականության հանձնաժողովում: Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի օրենսդրական նախաձեռնությամբ խորհրդարան ներկայացված նախագծի համաձայն` ֆիզիկական անձանց 500 մանաթն անցնող ավանդի տոկոսային եկամուտները ենթակա են հարկման: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Media forum» կայքը:

«Ազադլիգ»-ն իշխանությունների այդ նախաձեռնությունը ավանդատուների համար «ցնցող հարված» է բնութագրել:

Ադրբեջանի Միլի Մեջլիսի տնտեսական քաղաքականության հանձնաժողովի անդամ Վահիդ Ահմեդովը թերթի հետ զրույցում հայտնել է, որ ավանդներից ստացվող տոկոսներից եկամտահարկ գանձելու պահանջը որոշակիորեն խոչընդոտելու է բանկերում քաղաքացիների կողմից ավանդներ դնելուն: «Քանի որ ավանդատուի հիմնական նպատակը եկամուտ ստանալն է, մարդիկ այդ տոկոսների հաշվին որոշակի խնդիրներ են լուծում»,- նշել է նա:

Տնտեսագետ, փորձագետ Նաթիգ Ջաֆարլին ասել է, որ բանկային դեպոզիտների հարկումը նշանակում է, որ սեփական ֆինանսական խնդիրները լուծելու համար կառավարությունն աշխատում է մտնել ժողովրդի գրպանը:

«Ադրբեջանում բանկային դեպոզիտների տոկոսների հարկումը վերացվել էր 1999 թվականից: Կառավարությունը ցանկանում է եկող տարվանից վերականգնել այդ հարկը: Ըստ տեղեկությունների` կառավարությունը մտադիր է քաղաքացիների դեպոզիտների եկամուտների վրա 10 տոկոս հարկ դնել: Քաղաքացիների բանկային դեպոզիտներից ձեռք բերվող տարեկան եկամուտը կազմում է մոտ 500 մլն մանաթ, դրա 10 տոկոսը կկազմի 50 մլն մանաթ: Նշանակում է, կառավարությունն աչքը դրել է այդ 50 մլն մանաթի վրա: Իրականում, բանկային դեպոզիտների հարկում առկա է նաեւ մի շարք երկրներում, սակայն, խնդիրն այն է, որ ներկայիս ծանր վիճակում խելամիտ, հեռատես, համակարգված, կառուցվածքային փոփոխություններ կատարելու եւ դրանք քննարկելու փոխարեն` կառավարությունը չափազանց պարզունակ ճանապարհ է բռնել», -նշել է նա:

«Ազադլիգ»-ը նշում է, որ հիշյալ փորձագետները Ադրբեջանի կառավարության այդ քայլը պայմանավորում են նավթի էժանացման հետ: Նրանք գտնում են, որ պետբյուջեի մեծ մասը նավթափողերից կազմված լինելու պատճառով, նավթի գնի նվազելուն զուգընթաց նման քայլեր դիտվելու են նաեւ մյուս ոլորտներում:

Ադրբեջանի կենտրոնական բանկի տվյալներով` բնակչության բանկային ավանդների ընդհանուր գումարը կազմում է 6,65 մլրդ մանաթ, որի կեսից ավելին (3,42 մլրդ մանաթ) ներդրված է 9 տոկոսից ցածր տոկոսադրույքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am