Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուբեն Մելքոնյանը Հասան Ջեմալի իրական կերպարը բացահայտված է համարում

Ռուբեն Մելքոնյանը Հասան Ջեմալի իրական կերպարը բացահայտված է համարում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեպետ թուրք մտավորական Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գրքի թարգմանության համար ներկայացված պահանջները չեն կատարվել, խախտվել են կնքված պայմանագրի կետերը, այնուամենայնիվ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը խնդիրը իրավական հարթություն չի տեղափոխի, քանի որ, ըստ նրա, կարեւորն այն է, որ հայ հասարակությունն իմացավ, թե ով է իրականում Հասան Ջեմալն ու ինչ գաղափարախոսություն է իրականացնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը Մելքոնյանն նշեց, որ գովազդված եւ համերաշխության խորհրդանիշ հանդիսացող Ջեմալի իրական կերպարը հայտնի դարձավ:

«Հասան Ջեմալը պալատական թուրք մտավորականների շարքից է: «1915թ. Հայոց ցեղասպանություն» գիրքն իմ ուշադրությունը գրավել է, քանի որ ցույց է տալիս Թուրքիայի սոցիալ-հասարակական  զարգացման փուլերը, թե ինչպես է թուրք մտավորականն ապրում էվոլյուցիա` ցեղասպանությունը ժխտողից դառնում այդ խնդրում հետաքրրքվող եւ օգտագործում ցեղասպանություն բառը: Հասցեատերը հայ ընթերցողն էր, եւ գրքի ներկայացումը շատ կարեւոր է: Հասան Ջեմալն իրականում գրում է այն, ինչ մտածում է: Գիրքը պետք է ներկայացվեր հանրությանը, եւ այս առումով թարգմանությունն արդարացված էր»,- ասաց Մելքոնյանը` հավելելով, որ համապատասխան դրամաշնորհային ծրագիր չկար, եւ պատրաստ են եղել անգամ հոնորար վճարել գրքի թարգմանության իրավունքի համար:

Ըստ Մելքոնյանի, թարգմանությունը պետք է լիներ գիտական, թուրքագետը պետք է գրեր առաջաբան եւ նաեւ որոշ հատվածների առնչությամբ թարգմանչի բացատրությունները ներառվեին գրքում: Հետագայում գրքի հեղինակային իրավունքները տրվել են «Սիվիլիթաս» հիմնադրամին, եւ այդ դեպքում էլ խոստացվել է պահպանել Մելքոնյանի առաջաբանն ու թարգմանչի բացատրությունները:

«Նպատակահարմար չեն գտել իմ առաջաբանը դնել գրքում: Պայմանագրում ցանկացած փոփոխության համար թարգմանիչը տեղյակ է պահվում, ինձ ոչ ոք տեյակ չի պահել, թե ինչ է կատարվում: Գիրքն առաջին անգամ տեսել եմ շնորհանդեսի ժամանակ, գրքի թարգմանության տեքստը նախօրոք չի տրվել եւ մի շարք պարզաբանումներ հեռացվել եւ աղճատվել են»,- ասաց Մելքոնյանը` հավելելով, որ ինքն ստանձնել է գրքի թարգմանությունը միայն նրա համար, որ հայ հասարակությունը թուրք մտավորականներին ճանաչի:

«Գիտեի, թե ինչ եմ թարգմանում, բայց մենք ուզում էինք թուրք մտավորականի կերպարը ներկայացնել հայ հարակությանը, եւ նրա կերպարն ամբողջացավ: Հասան Ջեմալն իր կերպարով դասվեց թուրք պալատական մտավորականների շարքին: Սա է այն գովազդված մտավորականը, որ աշխարհին ներկայանում է որպես թուրքական համերաշխության խորհրդանիշ: Ես ինձ համարում եմ բավարարված, որ  հասարակությունը բացահայտեց թուրք մտավորականին: Հետամուտ չեմ ուզում լինել իրավական հարցերին եւ ընթացք չեմ տալու դրանց»,- հայտնեց Մելքոնյանը` հավելելով, որ գրքում իր մի շարք մեկնաբանություններ, որոնք այնքան էլ անվտանգ չէին, պահպանվել են, Ղարաբաղի մասին պարզաբանումները` հանվել: Երբ այդ հարցի առնչությամբ խոսել է Հրանտ Դինքի եղբոր` Երվանդ Դինքի հետ, վերջինս ասել է, որ իրենք սխալվել են, պետք է ոչ միայն Ղարաբաղի, այլեւ բոլոր էջատակերը հանվեին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am