Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը նվիրված աշխատաժողովը

Վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է ԵՏՄ-ին Հայաստանի 
անդամակցությանը նվիրված աշխատաժողովը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցերով աշխատաժողովի բացմանը: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ կառավարության և Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության համատեղ ջանքերով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով միջոցառման  կազմակերպիչներին, հյուրերին և մասնակիցներին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է.

«Վերջին տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև ինտեգրացիոն համագործակցությունն անընդմեջ զարգացել և հասել է իր գագաթնակետին սույն թվականի հոկտեմբերի 10-ին՝ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության Նախագահների  կողմից՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության պայմանագրի ստորագրմամբ:

Այսօր համաշխարհային տնտեսության զարգացման միտումների և փոփոխությունների տեսանկյունից ինտեգրացումը դարձել է երկրների միջև համագործակցության հիմնական և հեռանկարային ուղղություններից մեկը՝ հատկապես հաշվի առնելով զարգացման զգալի ներուժը, ինչը և նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակում:

Պետք է մեծ գոհունակությամբ նշեմ, որ բոլոր միջոցառումները, որոնք «ճանապարհային քարտեզով» նախատեսված էին իրականացնել մինչ Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի ստորագրումը, ի ուրախություն մեր բոլորի, կատարված են: Այժմ իրականացվում են նպատակաուղղված աշխատանքներ այն բոլոր կետերի կատարման ուղղությամբ, որոնք պետք է իրականացվեն անդամակցությունից հետո:

Մասնավորապես, անհրաժեշտ է ծանոթացնել մեր գործարար հանրությանն այն նոր հնարավորություններին և կանոնակարգումներին, որոնք առաջանում են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ: Դրան էլ նվիրված է մեր  այսօրվա միջոցառումը:

Կցանկանայի հատկապես նշել, որ Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի, այսինքն՝ «ճանապարհային քարտեզի» մշակման և իրականացման ուղղությամբ այս կարճ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետների հետ համատեղ կատարվել է հսկայածավալ աշխատանք:

Կցանկանայի նաև ընդգծել տիկին Վալովայայի անձնական մեծ ներդրումն այս աշխատանքների իրականացման գործում:

Վստահ եմ, որ այսօրվա քննարկումները կօժանդակեն մեր գործարարներին՝ տնտեսական կապերի հետագա զարգացման հեռանկարների ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի պարզաբանման առումով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]