Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՀՀ ԱԺ-ն սկսեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումը

ՀՀ ԱԺ-ն սկսեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային Ժողովն սկսեց Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագրի քննարկումը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, ներկայացնելով պայմանագիրը, ընդգծեց, որ պայմանագրին միանալով` Հայաստանը լուրջ հնարավորություններ կստեղծի երկրի տնտեսության կայուն զարգացումն ապահովելու համար: «Ներմուծման և արտահանման տուրքերի բացակայությունը կխթանի միության անդամ երկրների հետ առևտուրը, ինչի արդյունքում կխթանվի նաև տեղական արտադրությունը, զգալիորեն կնվազեն ապրանքների գները: Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի միանալը տեղական արտադրողների համար հնարավորություններ կապահովի իրենց արտադրանքը միության 170 միլիոնանոց շուկայում ազատ իրացնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կարայանը:

Նա ընդգծեց, որ ԵՏՄ պայմանագրին ՀՀ անդամակցության մասին պայմանագրի չորրորդ հավելվածում սահմանված են բոլոր այն զգայուն ապրանքները, որոնց նկատմամբ 2-8 տարի ժամկետով Հայաստանը ստանում է արտոնություններ. Այսինքն՝ այդ ապրանքների նկատմամբ կիրառվելու են Հայաստանի համար ներկայումս գործող մաքսադրույքները և ԵՏՄ միասնական դրույքաչափերը չեն կիրառվելու:

Կարայանը նաև կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանի համար խնդիրներ չեն առաջանա տարանցիկ փոխադրումների առումով, որոնք կարող էին առաջանալ միության հետ միասնական սահման չունենալու պարագայում: «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի 5-րդ հավելվածում հստակ սահմանված են տարանցիկ փոխադրումների իրականացման եղանակները, և, պետք է ասեմ, որ այս առումով մենք որևէ խնդիր չենք ունանալու»,- նկատեց Կարայանը:

Նա նաև ընդգծեց, որ ԵՏՄ անդամակցությամբ Հայաստանը կարող է տարեկան 1.2-2.5  տոկոս լրացուցիչ տնտեսական աճ ապահովել:

Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի միանալու պայմանագիրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է 2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում: Այն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 2-ին, երբ միության անդամ բոլոր երկրների խորհրդարանները կվավերացնեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am