ՀՀ ԱԺ-ն սկսեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումը
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային Ժողովն սկսեց Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագրի քննարկումը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, ներկայացնելով պայմանագիրը, ընդգծեց, որ պայմանագրին միանալով` Հայաստանը լուրջ հնարավորություններ կստեղծի երկրի տնտեսության կայուն զարգացումն ապահովելու համար: «Ներմուծման և արտահանման տուրքերի բացակայությունը կխթանի միության անդամ երկրների հետ առևտուրը, ինչի արդյունքում կխթանվի նաև տեղական արտադրությունը, զգալիորեն կնվազեն ապրանքների գները: Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի միանալը տեղական արտադրողների համար հնարավորություններ կապահովի իրենց արտադրանքը միության 170 միլիոնանոց շուկայում ազատ իրացնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կարայանը:
Նա ընդգծեց, որ ԵՏՄ պայմանագրին ՀՀ անդամակցության մասին պայմանագրի չորրորդ հավելվածում սահմանված են բոլոր այն զգայուն ապրանքները, որոնց նկատմամբ 2-8 տարի ժամկետով Հայաստանը ստանում է արտոնություններ. Այսինքն՝ այդ ապրանքների նկատմամբ կիրառվելու են Հայաստանի համար ներկայումս գործող մաքսադրույքները և ԵՏՄ միասնական դրույքաչափերը չեն կիրառվելու:
Կարայանը նաև կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանի համար խնդիրներ չեն առաջանա տարանցիկ փոխադրումների առումով, որոնք կարող էին առաջանալ միության հետ միասնական սահման չունենալու պարագայում: «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի 5-րդ հավելվածում հստակ սահմանված են տարանցիկ փոխադրումների իրականացման եղանակները, և, պետք է ասեմ, որ այս առումով մենք որևէ խնդիր չենք ունանալու»,- նկատեց Կարայանը:
Նա նաև ընդգծեց, որ ԵՏՄ անդամակցությամբ Հայաստանը կարող է տարեկան 1.2-2.5 տոկոս լրացուցիչ տնտեսական աճ ապահովել:
Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի միանալու պայմանագիրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է 2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում: Այն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 2-ին, երբ միության անդամ բոլոր երկրների խորհրդարանները կվավերացնեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը:
- Գալուստ Սահակյանը դիպլոմներ է հանձնել Մանկավարժականի
շրջանավարտներին
Այս տարի Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտների թիվը մոտ 2000 է, որից 300-ն ուսումն ավարտել է գերազանց առաջադիմությամբ: - ԱԺ-ն քննարկում է Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի ստեղծման
համաձայնագիրը
Հումանիտար կենտրոնը կտեղակայվի Կոտայքի մարզի Գետարգել համայնքում: - ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ առաքելություններին
«Հայաստանը մեծապես կարեւորում է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ առաքելություններին»,- ասել է Սահակյանը: - Ակցիզային հարկերի բարձրացում նախատեսող նախագծի երկրորդ ընթերցմամբ
քննարկումը կհետաձգվի
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտնեց, որ արդեն պայմանավորվել է Կառավարության հետ, որպեսզի «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվի աշնանը: - ԱԺ-ն ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ավարտեց 5-րդ գումարման 7-րդ նստաշրջանի
աշխատանքը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին արդյունավետ աշխատանքի համար՝ հիշեցնելով, որ հունիսի 15-ին կառավարության նախաձեռնությամբ գումարվելու է ԱԺ արտահերթ նստաշրջան: