Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ձեր աշխատանքի շնորհիվ աշխարհն ավելի մատչելի է. Հասմիկ Պողոսյանի խոսքը Սեւծովյան տարածաշրջանի լրատվամիջոցների հավաքին

Ձեր աշխատանքի շնորհիվ աշխարհն ավելի մատչելի է. Հասմիկ Պողոսյանի խոսքը 
Սեւծովյան տարածաշրջանի լրատվամիջոցների հավաքին

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը խոսքի ու տեղեկատվության լիարժեք տիրույթ է, եւ այդ իմաստով Սեւծովյան տարածաշրջանի առաջատար լրատվական գործակալությունների ներկայությունը Հայստանում շատ կարեւոր է, քանի որ նպատակն այն է, որ այս հարթակը զարգանա, համագործակցությունը տարբեր գործակալությունների միջեւ ընդլայնվի, եւ նախանշվեն նոր ուղղությունները: Գնահատականը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանինն է` հնչած Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի 7-րդ նիստին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, մշակույթի նախարարը կարեւորեց այն փաստը, որ ասոցիացիայի նախագահությունը փոխանցվելու է Հայաստանին, եւ այն իրականացնելու է երկրի միակ, հնագույն ու պետական գործակալությունը: ««Արմենպրես»-ը մի գործակալություն է, որին հավատում ենք եւ սպասում նրա տեղեկատվությանը: Կարեւորում ենք ասամբլեայի գործունեությունն այս տարածաշրջանի կտրվածքով, քանի որ այն պահանջում է հատուկ ուշադրություն, խելամիտ գնահատական եւ վերլուծություններ: Կցանկանայի, որ ձեր լրատվական ժապավեններում քիչ լինեն պատերազմական իրադարձությունների, ցնցումների ու աղետների մասին լուրերը, ավելի շատ լինեն մշակութային միջոցառումներ, քանի որ մշակույթն է խաղաղության եւ բարի տրամադրության երաշխիքը»,- ասաց Պողոսյանը` հավելելով, որ գործակալությունների տեղեկատվությունը մշակույթի մասին տարածաշրջանում պետք է ապաքաղաքականացված լինի:

«Քաղաքական հետաքրքրությունները պետք է չստվերեն մշակույթի ազդեցությունը տարածաշրջանում եւ տեղեկատվության անձեռնամխելիությունն ու ճշգրտությունը: Հայերիս համար հաջորդ տարին կարեւորագույններից է, երբ, հիշելով նահատակներին (Հայոց ցեղասպանության, որի 100-րդ տարելիցն է 2015թ. - խմբ.), պետք է խոսենք այն հսկայական ժառանգության մասին, որ ստեղծել ենք թե պատմության ընթացքում, թե վերջին տարիներին, որը միտված է ժողովրդի ապագային: Բարձր ենք գնահատում այս հարթակի աշխատանքները: Ձեր կատարած աշխատանքի շնորհիվ է, որ աշխարհը մատչելի է, այսքան ճանաչված եւ դյուրացված: Կցանկանայի, որ ձեր մտահղացումները դառնան ապագայի սեւագրությունն ու ձեր գործունեությունն ավելի արդյունավետ դառնա, եւ ուղիներ գտնեք համագործակցության եւ համախմբման համար»,- ասաց Հասմիկ Պողոսյանը:

Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիան (ՄԱԼԳԱ) միջազգային ոչ առևտրային կազմակերպություն է, որը միավորում է մերձսևծովյան երկրներիազգային լրատվական գործակալությունների ջանքերը նրանց տեղեկատվական ռեսուրսներն արդյունավետորեն օգտագործելու, իրենց պետությունների քաղաքական, տնտեսական, գիտականու մշակութային կյանքի կարեւորագույն հարցերի շուրջ տեղեկատվության ազատ ուիրավահավասար փոխանակման, Սևծովյան տնտեսական համագործակցությանկազմակերպության մասնակից երկրների տարածքում տեղեկատվության տարածման համար: Միջազգային այս կազմակերպության անդամ են ATA-ն (Ալբանիա), «Արմենպրես»-ը (Հայաստան), «Ազերթաջ»-ը (Ադրբեջան), BTA-ն (Բուլղարիա), GHN-ը (Վրաստան), «Մոլդպրես»-ը (Մոլդովա), ՏԱՍՍ-ը (Ռուսաստան), «AGERPRES»-ը (Ռումինիա), ՏԱՆՅՈՒԳ-ը (Սերբիա), ANA-ն (Հունաստան), «Անադոլուն» (Թուրքիա), «Ուկրինֆորմ»-ը (Ուկրաինա), HINA-ն (Խորվաթիա), MIA-ն (Մակեդոնիա):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am