«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության պատասխանատու աշխատակիցը ձերբակալվել է
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության վաճառքի և բաժանորդների սպասարկման վարչության բաժանորդների սպասարկման և բողոքարկման բաժնի Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու Աշոտ Կույումջյանի կողմից շուրջ 751 մլն դրամի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննության տվյալներով` Ա.Կույումջյանի կողմից 2010-2014թթ.ընթացքում յուրացման եղանակով հափշտակվել է իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 751.000.016 դրամ ընդհանուր արժողությամբ լիցքավորման քարտ:
Նկարագրված հանցագործությունը կատարելու կասկածանքով Աշոտ Կույումջյանը 2014թ. նոյեմբերի 24-ին ձերբակալվել է: ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում