«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության պատասխանատու աշխատակիցը ձերբակալվել է

21:37, 24 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ղարաբաղ  Տելեկոմ»  ՓԲ ընկերության վաճառքի և բաժանորդների սպասարկման վարչության բաժանորդների սպասարկման և բողոքարկման բաժնի Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու Աշոտ Կույումջյանի կողմից շուրջ  751 մլն դրամի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից,  քննության տվյալներով` Ա.Կույումջյանի կողմից 2010-2014թթ.ընթացքում յուրացման եղանակով  հափշտակվել է իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 751.000.016 դրամ ընդհանուր արժողությամբ լիցքավորման քարտ:

Նկարագրված հանցագործությունը կատարելու կասկածանքով Աշոտ Կույումջյանը 2014թ. նոյեմբերի 24-ին ձերբակալվել է: ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի  նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`  օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


© 2009 ARMENPRESS.am