Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երեւանում տեղի կունենա երկու խոշոր լրատվական համաժողով

Երեւանում տեղի կունենա երկու խոշոր լրատվական համաժողով

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւծովյան տարածաշրջանի եւ ԱՊՀ երկրների առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարները Երեւանում են` տեղեկատվական համագործակցության զարգացման հեռանկարներն ու փոխգործակցության խորացման հարցերը քննարկելու նպատակով: Տարածաշրջանի խոշորագույն գործակալությունների այս աննախադեպ հավաքի կազմակերպիչն «Արմենպրես» լրատվական գործակալությունն է:  

Երեւանում նոյեմբերի 25-ին տեղի կունենա Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի 7-րդ նիստը: Նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ալբանիայի ազգային լրատվական գործակալությունների գլխավոր տնօրենները, ինչպես նաեւ Թուրքիայի «Անադոլու» գործակալության միջազգային լրատվության բաժնի խմբագիրը: Համաժողովին հրավիրված են նաեւ Կիպրոսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Բելառուսի լրատվական գործակալությունների տնօրենները:

Նույն օրը` երեկոյան, տեղի կունենա նաեւ ԱՊՀ երկրների պետական լրատվամիջոցների ղեկավարների խորհրդի 19-րդ նիստը: Նիստին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի պետական լրատվամիջոցների ղեկավարները: ԱՊՀ Ինֆորմխորհրդի նպատակն է աջակցել ԱՊՀ կառույցների գործունեության լուսաբանմանը, գործակալությունների միջեւ փոխհամագործակցության տարբեր ուղիների, հնարավորությունների ստեղծմանը, կադրերի վերապատրաստմանը, փորձի փոխանակմանը: 2015թ. նախաշեմին ինֆորմխորհուրդը մեծ ուշադրություն կհատկացնի նաեւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի միջոցառումներին:  

Պատվիրակները նոյեմբերի 24-ին այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Սարդարապատի հուշահամալիր և ազգագրության թանգարան:

Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիան (ՄԱԼԳԱ) միջազգային ոչ առևտրային կազմակերպություն է, որը միավորում է մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ջանքերը նրանց տեղեկատվական ռեսուրսները արդյունավետորեն օգտագործելու, իրենց պետությունների քաղաքական, տնտեսական, գիտական ու մշակութային կյանքի կարեւորագույն հարցերի շուրջ տեղեկատվության ազատ ու իրավահավասար փոխանակման, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության մասնակից երկրների տարածքում տեղեկատվության տարածման համար:

Միջազգային այս կազմակերպության անդամ են ATA-ն (Ալբանիա), «Արմենպրես»-ը (Հայաստան), «Ազերթաջ»-ը (Ադրբեջան), BTA-ն (Բուլղարիա), GHN-ը (Վրաստան), «Մոլդպրես»-ը (Մոլդովա), ՏԱՍՍ-ը (Ռուսաստան), «AGERPRES»-ը (Ռումինիա), ՏԱՆՅՈՒԳ-ը (Սերբիա), ANA-ն (Հունաստան), «Անադոլուն» (Թուրքիա),  «Ուկրինֆորմ»-ը (Ուկրաինա), HINA-ն (Խորվաթիա), MIA-ն (Մակեդոնիա):

ԱՊՀ Ինֆորմխորհուրդը ստեղծվել Է 1996թ.` ի կատարումն Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ղեկավարների կողմից 1995թ. նոյեմբերի 3-ին ստորագրած «ԱՊՀ պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհրդի ստեղծման մասին» համաձայնագրի: Խորհուրդը, որի անդրանիկ նիստը տեղի է ունեցել 1996թ., կոչված է նպաստելու ԱՊՀ անդամ երկրների լրատվամիջոցների ներուժի ակտիվացմանը, տեղեկատվության փոխանակման մակարդակի եւ արդյունավետության բարձրացմանը, ԱՊՀ անդամ երկրների վերաբերյալ օբյեկտիվ տեղեկությունների տարածմանը, համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի տեղեկատվական աջակցությանը: Խորհրդի կազմում են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի պետական լրատվական գործակալությունների ղեկավարները


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am