Երևանում ավելի շատ ծնվում են, ավելի քիչ մահանում
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2014-ի թվականի ինն ամիսներին գրանցվել է ծնելիության աճ, ողջ ծնված երեխաների թիվը 31 հազար 610 է, որը 2013-ի համեմատ` 3.6, իսկ 2012-ի համեմատ` 1.8 տոկոսով ավելի է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տվյալները ներկայացրեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:«Ծնելիության ցուցանիշը որոշակի աճ է արձանագրել: Ծնելիության հանրապետական գործակիցը յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով կազմել է 14 ծնունդ: Ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է Երևանում` 15.2 պրոմիլ, ամենացածրը` Սյունիքում` 10.9 պրոմիլ: Սա նշանակում է, որ Երևանում յուրաքանչյուր 1000 բնակչին բաժին է ընկնում 15, իսկ Սյունքում` 10 ծնունդ»,-ասաց Կարինե Կույումջյանը:
Նրա տեղեկացմամբ` ավելացել են նաև մահվան դեպքերը, ընթացիկ տարվա ինն ամիսներին գրացվել է 21 հազար 208 մահվան դեպք: «2013-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճը կազմել է 4.5 տոկոս, իսկ 2012-ի համեմատ` 1.5 տոկոս: Մահացության ցուցանիշը 1000 բնակչի հաշվով կազմել է 9.4 պրոմիլ: Ամենաբարձր ցուցանիշը Լոռու մարզում է գրանցվել 12.4 պրոմիլ, ամենացածրը`Գեղարքունիքում` 7.8 պրոմիլ, Երևանում` 8.8 պրոմիլ»,-հայտնեց ժողովրդագրագետը` հավելելով, որ բնական հավելաճի ցուցանիշը ևս աճել է ու կազմել 10 հազար 402 մարդ, այսինքն` բնական ճանապարհով բնակչության թվաքանակն ավելացել է այդ թվաքանակով:
Ծնունդների և մահերի ցուցանիշների արդյունքում դուրս է բերվել հավելաճի գործակիցը, որը հանրապետությունում կազմել է 4.6 պրոմիլ: «Այսինքն` գրեթե 5 մարդու ավելացում յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով: Երևանում կրկին ամենաբարձր ցուցանիշն է, իսկ ամենացածրը Տավուշի մարզում է` 0.6 պրոմիլ, գրեթե մեկ մարդ չի կազմում բնակչության ավելացումը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` տեղեկացրեց Կարինե Կույումջյանը:
Պարզվում է` աճել են նաև մեռելածնության դեպքերը` 583 դեպք: «Գրանցվել է 8.8 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ, իսկ 2012-ի համեմատ նվազում կա: Դրական միտում է նկատվում մինչև մեկ տարեկան մահացության ցուցանիշի առումով, այդ դեպքերը կազմել են 273, ինչը 9 տոկոսով նվազ է 2013-ի համեմատ և 22 տոկսով պակաս` 2012-ի համեմատ»,-հայտնեց նա:
Ինչ վերաբերում է ամուսնության և ամուսնալուծության դեպքերին, ապա դրանք կրկին աճել են: «Ամուսնությունների թիվը 2013-ի համեմատ աճել է 6.5 տոկոսով, 2012-ի համեմատ` 3.8 տոկոսով, ամուսնալուծության դեպքերի աճը նախորդ տարվա համեմատ 28.1 տոկոս է, 2012-ի համեմատ` 45.7 տոկոս»,-հայտնեց Կույումջյանը:
Հարցին ի պատասխան` կա՞ն թվային տվյալներ ընտանիքների տարաբաժանման վերաբերյալ` ըստ երեխաների թվի, Կարինե Կույումջյանը ներկայացրեց հետազոտության արդյունքներ` 5500 տնային տնտեսության շրջանում անցկացված: «Մինչև 16 տարեկան երեխա ունեցող տնային տնտեսությունների շրջանում է անցկացվել հարցումը: Պարզվել է, որ մեկ երեխա ունեցող տնային տնտեսությունների մասնաբաժինը 18.3 տոկոս է, 2 երեխա ունեցողների մասնաբաժինը` 19 տոկոս, 3 երեխա` 4.4 տոկոս, 4 երեխա ունեցողներինը` 0.8 տոկոս, իսկ 5 և ավելի երեխա ունեցողները 0.3 տոկոս են կազմում ներկայացուցչական ընտրանքում»,-հայտնեց ժողովրդագրագետը` հավելելով, որ հանրապետության տնային տնտեսությունների 57 տոկոսն անչափահաս երեխա չունի իրենց ընտանիքի կազմում:
Ստացվում է, որ ամենաշատ ընտանիքները 2 երեխա ունեն, հետո մեկ երեխա, այնուհետև 3, 4, 5 և ավելի երեխաներով ընտանիքները: