Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԵՄ-ն Հայաստանին 140-170 միլիոն եվրո կտրամադրի մինչ 2017 թվականը

ԵՄ-ն Հայաստանին 140-170 միլիոն եվրո կտրամադրի մինչ 2017 թվականը

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն ու Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ են շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրության ոլորտներում: Եվրամիության Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը պաշտոնավարման առաջին աշխատանքային օրը հանդիպել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Եվրահանձնաժողովից:

«Մենք աջակցում ենք երկրների մոդեռնիզացիայի ջանքերին և կշարունակենք քաջալերել անհրաժեշտ բարեփոխումներին Հայաստանում»,- ասել է հանձնակատար Հանը:

Հանձնակատարն ու Կարեն Ճշմարիտյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` հիմք դնելով Հայաստանի համար ԵՄ աջակցության «Եզակի աջակցության շրջանակ» ծրագրին, որի հիմքում ռազմավարական նպատակներ և առաջնահերթություններ են հետագա` 2014-2017թթ. համագործակցության համար` 140-170 միլիոն եվրոյի տրամադրումով:

Մասնավոր հատվածը, հանրային կառավարումն ու արդարադատությունը կլինեն բարեփոխումների երեք առաջնահերթ ուղղությունները: Այդ գործողությունները կծառայեն հանրային ինստիտուտների մոդեռնիզացմանն ու կաջակցեն քաղաքացիական հասարակության կայացմանը:

Հանձնաժողովականը նաև հայտարարել է ԵՄ-ի կողմից տրամադրվող օգնության առաջին փաթեթի մասին: Այն կկազմի  19 միլիոն եվրո և կհատկացվի փոքր ձեռնարկատերերին ու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին: Օգնությունը տրամադրվում է Արևելյան գործընկերության շրջանակներում: Ինչպես փոխանցում են Եվրահանձնաժողովից, բիզնեսին ու ինովացիոն ստարտափերին աջակցությունը երկարաժամկետ հեռանկարում կարող է ստեղծել աշխատանքի լայն հնարավորություններ, մեծացնել երկրի տնտեսական մրցունակությունը և նպաստել Հայաստանում մասնավոր հատվածի զարգացմանը:

Մարդու իրավունքների պաշտպանության հատվածում նոր ծրագիրը կօգնի բարելավել համապատասխան օրենսդրությունը ազատ ընտրություններ անցկացնելու ոլորտում, կծառայի խոշտանգումների և խտրականության կանխարգելմանը, ինչպես նաև գենդերային հավասարության և երեխաների պաշտպանության ապահովմանը:

Հանձնակատարն ու Կարեն Ճշմարիտյանը նաև ստորագրել են Հայաստանում գյուղատնտեության ու գյուղական զարգացման համար 25 միլիոն եվրո արժողության ֆինանսավորման համաձայնագիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am