Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-14. Արամ Պաչյանից մինչև Ջաննի Ռոդարի

«Նոր գիրք»-14. Արամ Պաչյանից մինչև Ջաննի Ռոդարի

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ձեզ ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ձեր դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի վերաբերյալ, ծանոթանալ դասական երկերին և արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել:

Այս շաբաթ «Արմենպրես»-ը կրկին առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած և հանրության դատին հանձնած չորս ուշագրավ գրքեր՝ չորս խորագրերի ներքո:

Հայ դասական գրականություն 

Սիլվա Կապուտիկյան, բանաստեղծություններ


«Իմ գրադարանը» մատենաշարով լույս է տեսնում Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների ժողովածուն՝ «Հայերգություն», «Սիրերգություն» և «Մարդերգություն» բաժիններով: Կապուտիկյանի հայրենասիրական ստեղծագործություններում հայ մարդը, հայ ժողովուրդն է գովերգվում, ով սխրանքներով ողբերգություններից միշտ վերածնվում ու հարատևում է: Բանաստեղծուհու սիրային քնարերգության հերոսուհին կյանքի դժվարություններին միշտ դիմակայող, չհանձնվող ու հավատարիմ հայ կինն է: Ժողովածուն կազմել է Նվեր Վիրաբյանը: Այն հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

Ժամանակակից գրականություն  

Արամ Պաչյան, «Օվկիանոս»


«Օվկիանոս» ժողովածուն ներառում է արդի հայ երիտասարդական արձակի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ Արամ Պաչյանի նոր պատմվածքներն ու էսսեները: Նրա ինքնատիպ ու արդեն ճանաչելի գրողական ձեռագիրն այստեղ երևան է բերում նոր կարելիություններ՝ ժանրային, թեմատիկ և այլ մասնավորություններում: Խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

 

Թարգմանական գրականություն  

Օրհան Փամուք, «Իմ անունը կարմիր է»

Օրհան Փամուքի «Իմ անունը Կարմիր է» վեպը հեղինակի խոստովանությամբ իր ամենագունեղ և լավատեսական ստեղծագործությունն է: Վեպի ժանրին տիրապետելու իր հմտություններով ու կիրառված բոլոր ինքնատիպ լուծումներով հանդերձ՝ Փամուքի վեպի գրավչության ամենամեծ գաղտնիքը իր նյութի հանդեպ անսահման սերն է: Թուրքերենից թարգմանել է Արփի Աթաբեկյանը: Խմբագիրն է Ներսես Աթաբեկյանը: Այն հրատարակել է «Անտարես»-ը:

Մանկական գրականություն

Ջաննի Ռոդարի, «Չիպոլինոյի արկածները» 


Ռոդարիի ստեղծագործությունը մրգերով և բանջարեղենով մարմնավորված կերպարների զվարթ մի աշխարհ է. անգամ գործող անձանց անունները (Չիպոլինո՝ Սոխուկ, սինյոր Պոմիդորո, իշխան Լիմոնե) խոսում են նրանց առանձնահատուկ բնավորության ու պահվածքի մասին: Իրական ու երևակայական աշխարհները մեկտեղվում են. արդյունքում ծնվում է բացառիկ նուրբ ու դիպուկ հումոր, որը, սակայն, չի խանգարում հեղինակին` անդրադառնալու ամենալուրջ թեմաների, օրինակ՝ յուրայինների և օտարների միջև եղած հնարավոր համերաշխության խնդրին: Գիրքը հրատարակել է «Զանգակ»-ը:

 «Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am