Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Տարոն Մարգարյանն այցելել է Ասլամազյանի անվան երաժշտական դպրոց և Նոր Նորքի կենտրոնական գրադարան

Տարոն Մարգարյանն այցելել է Ասլամազյանի անվան երաժշտական դպրոց և Նոր 
Նորքի կենտրոնական գրադարան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Նորք վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Սարգիս Ասլամազյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց, որը քաղաքապետարանի այս տարվա բարեկարգման ծրագրերի շրջանակում ամբողջությամբ հիմնանորոգվել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետը շրջել է դպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին:

Կարևորելով ծրագրի իրականացումը՝ դպրոցի տնօրենը նշել է, որ մշակութային օջախն, ամբողջովին նորոգված ու հարմարավետ պայմաններով ապահովված, այսօր արդեն իր դռներն է բացել ավելի քան 450 սաների առջև, նաև համոզմունք հայտնել, որ առաջիկայում կավելանա կրթօջախի դիմորդների թիվը: Դպրոց հաճախող սաների ծնողները ևս շնորհակալություն են հայտնել քաղաքապետին մշակութային օջախների հանդեպ ցուցաբերվող հետևողական ուշադրության համար: Քաղաքապետն էլ իր հերթին նկատել է, որ այս կառույցն արդեն լիովին կծառայի մատաղ սերնդի մշակութային կրթություն ստանալու շնորհակալ գործին:

«Մենք հայտարարել էինք, որ պետք է կարճ ժամանակահատվածում հիմնանորոգման լուրջ աշխատանքներ իրականացնենք մշակութային հաստատություններում, ինչն էլ այսօր հետզհետե կյանքի է կոչվում:  Վստահեցնում եմ, որ այս ծրագրերը լինելու են շարունակական, և այն խնդիրները, որոնք դրել ենք մեր առջև, հետզհետե կստանան լուծումներ», - շեշտել է քաղաքապետը:

Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ՝ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Նոր Նորքի կենտրոնական գրադարան, որտեղ ևս հիմնանորոգման աշխատանքներն արդեն ամբողջությամբ ավարտվել են: Ծանոթանալով կատարված աշխատանքներին՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ այս ծրագիրը ևս լինելու է շարունակական, և արդեն հաջորդ տարի նախատեսվում է ամբողջությամբ ավարտել մայրաքաղաքի գրադարանների հիմնանորոգման ծրագիրը: Գրադարանի տնօրենն ու աշխատակիցներն էլ, օգտվելով առիթից, իրենց շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին՝ մայրաքաղաքի գրադարանների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության համար՝ հատկանշելով, որ դրանք մեծապես նպաստում են ընթերցասերների քանակի ավելացմանը: Բացի այդ, առանձնակի կարևորվել է նաև այն հանգամանքը, որ ծրագրի իրականացման արդյունքում ամբողջությամբ լուծում է ստանում գրադարանում առկա գրականության պահպանման խնդիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am