Մեկնարկում է «Վիքին սիրում է գիտություն» վեցամսյա մարաթոնը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Վիքին սիրում է գիտություն» վեցամսյա մարաթոն, որի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 25-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ից:
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը, որի առաջնահերթ խնդիրներից է աջակցել և խթանել համացանցում հայերեն բովանդակության և Հայաստանի մասին օտար լեզուներով բովանդակության զարգացումը՝ հատկապես «Վիքիպեդիայի» և քույր վիքինախագծերի օգնությամբ, նպատակ ունի «Վիքին սիրում է գիտություն» նախաձռենության միջոցով «Հայերեն Վիքիպեդիան» համալրել գիտակրթական բարձրակարգ հոդվածներով:
«Վիքին սիրում է գիտություն» նախագծի շրջանակներում կազմակերպվում են ամենամսյա երկօրյակներ, որի ընթացքում հետաքրքրված մասնակիցները ծանոթանում են վիքիխմբագրման գործիքներին և ձեռք են բերում համապատասխան հմտություններ։
Մարաթոնի ավարտին կորոշվեն հաղթողները՝ լավագույն մասնագիտական խումբը կամ խմբերը և լավագույն խմբագրողները (լավագույն մասնագիտական խմբերից):
Մարաթոնին մասնակցելու համար ցանկացողները կարող են գրանցվել «Վիքին սիրում է գիտություն» նախագծի՝մասնակիցների էջում, իսկ ովքեր ծանոթ չեն վիքիխմբագրման գործիքներին, ամեն չորեքշաբթի ժամը 16:00-ին կարող են մասնակցել աշխատաժողովի Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում (Այգեստան 1/30):