Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարչապետն այցելել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նորաբաց գրասենյակ

Վարչապետն այցելել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նորաբաց 
գրասենյակ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նորաբաց «Կենտրոն» սպասարկման ընդլայնված գրասենյակ: Հոկտեմբերի 20-ից գործող այս գրասենյակն ստեղծվել է կոմիտեի «Կենտրոն» և «Էրեբունի» սպասարկման գրասենյակների միավորմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Աբրահամյանը շրջել է գրասենյակի տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին և ստեղծված հնարավորություններին: Կառավարության ղեկավարը զրուցել է տեղում գործարք իրականացնող աշխատակիցների և քաղաքացիների հետ, հետաքրքրվել տրամադրվող ծառայությունների որակով և ընթացքով:

Լրագրողների հետ ճեպազրույցում Հովիկ Աբրահամյանը դրական է գնահատել կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացվող բարեփոխումները, կարևորել էլեկտրոնային համակարգի ներդրումը, որը կնպաստի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: «Վերջին հարցումների արդյունքում քաղաքացիների դժգոհությունը կադաստրի պետական կոմիտեից նվազել է: Բարեփոխումները պետք է շարունակվեն, և կառավարությունը հետևողական է լինելու, որպեսզի աշխատանքը լինի թափանցիկ, և քաղաքացի-աշխատակից շփումը նվազեցվի: Բոլոր գործարքները, որ իրականացնում է քաղաքացին, պետք է լինեն հեշտ ու մատչելի», - նշել է վարչապետը: Որպես հետագա քայլեր՝ կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել էլեկտրոնային համակարգի շարունակական ներդրումը և «մեկ պատուհանի» սկզբունքով աշխատանքի կազմակերպումը:

ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նորաբաց սպասարկման գրասենյակը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով: Քաղաքացիներին տրամադրվում է անվճար խորհրդատվություն, գործում են հերթերի կառավարման և վճարման էլեկտրոնային համակարգեր, ներմուծվել է նոր՝ ծառայությունների տրամադրման որակի գնահատման և վերահսկման համակարգ, ստեղծվել են հարմարություններ՝ հաշմանդամ անձանց ազատ տեղաշարժն ապահովելու համար: Առանձին պատուհանի միջոցով կապահովվի զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին, Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի մասնակիցներին, հաշմանդամներին, ինչպես նաև օրենսդրությամբ նրանց հավասարված անձանց արտահերթ սպասարկումը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am