Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում 2015թ.-ին կանցկացվեն Մեքսիկայի մշակույթի օրեր

Հայաստանում 2015թ.-ին կանցկացվեն Մեքսիկայի մշակույթի օրեր

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Ալբերտո Բելտրան Գեռերոյին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրին` նախարարը հույս է հայտնել, որ Հայաստանի և Մեքսիկայի միջև աշխարհագրական հեռավորությունը հայ-մեքսիկական մշակութային հարաբերությունների առավել խորացման և ամրապնդման գործում խոչընդոտ չի հանդիսանա: Այնուհետև նախարար Պողոսյանն անդրադառձել է 2011 թվականին Հայաստանում Մեքսիկայի մշակույթի օրերին, որի շրջանակում անցկացվել են մանկական գեղանկարչական մրցույթի մասնակիցների աշխատանքների, Մեքսիկայի պատմությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդեսներ, ինչպես նաև մեքսիկական ֆիլմերի ցուցադրություն:

Զրույցի ընթացքում Հասմիկ Պողոսյանն ընդգծել է, որ հայ-մեքսիկական իրավապայմանագրային դաշտի ամրապնդման և մշակութային փոխանակումների իրականացման լավագույն դրսևորումն է առաջիկայում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մեքսիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում 2015-2019 թթ. համար» համագործակցության ծրագրի ստորագրումը:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին` նախարար Պողոսյանը կարևորել է  «ՊՌՈՏՌԱԴ» մեքսիկական ստեղծագործությունների թարգմանության աջակցության գրական հրատարակչական ծրագիրը և դրա շրջանակում համագործակցությունը, ինչպես նաև Գվադալախարայի գրքի միջազգային տոնավաճառին հայկական կողմի մասնակցությունը, որը իսպանալեզու գրահրատարակչական արտադրանքի ամենակարևոր հարթակներից է:

Զրույցի ընթացքում քննարկվել է 2015 թվականին Հայաստանում Մեքսիկայի մշակույթի օրեր անցկացնելու հարցը, որի արդյունքում նախանշվել է օրերի ձևաչափը և ոլորտները. գրական-թարգմանական՝ հայկական հեքիաթների թարգմանություն, մեքսիկացի երեխաների կողմից արված նկարազարդումներով   և հակառակը՝ մեքսիկական հեքիաթների թարգմանություն, որոնք կնկարազարդվեն    հայ երեխաների կողմից: ՀՀ մշակույթի նախարարը դեսպան Բելտրան Գեռերոյին առաջարկել է նաև, մշակույթի օրերի ընթացքում,  հայաստանյան արվեստասեր հանրությանը ներկայացնել մեքսիկական ազգային երաժշտության համերգ, խեցեգործական աշխատանքների ցուցահանդես և ազգային խոհանոց:

Հանդիպման ավարտին դեսպան Բելտրան Գեռերոն շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության, հետաքրքիր, կարևոր ծրագրերի նախանշման և հայ-մեքսիկական մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերի համար:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am