Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

The New York Times-ում Հայաստանին նվիրված ներդիր է հրապարակվել

The New York Times-ում Հայաստանին նվիրված ներդիր է հրապարակվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The New York Times-ում Հայաստանին նվիրված ներդիր է հրապարակվել, որում ներկայացվում են երկրի պատմությանն ու ներկային առնչվող մի շարք նյութեր, ինչպես նաև հարցազրույցներ Հայաստանի նախագահի, արտաքին գործերի, էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարների, Կենտրոնական բանկի նախագահի, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի և մի շարք այլ գործիչների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` առանձին անդրադարձ է կատարվել նաև հայ-ամերիկյան հարաբերություններին` դրանք բնորոշելով որպես «բնական դաշնակցային»:

Իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսել է հայ-ամերիկյան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Միացյալ նահանգների դերի, Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին ԱՄՆ-ում այդ ոճիրի ճանաչման ու դատապարտման ուղղությամբ կատարվող քայլերի մասին: «Մենք հավատում ենք, որ ողջ մարդկությունը պետք է հետևողական լինի նման հանցագործությունների հանցագործության ճանաչման, դատապարտման և ժխտման բացառման հարցում: Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին սա է մեր ուղերձը միջազգային հանրությանը, այդ թվում նաև Միացյալ Նահանգների կառավարությանն ու հանրությանը»,- ընդգծել է ՀՀ Նախագահը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին` Սերժ Սարգսյանը շեշտել է, որ յուրաքանչյուր հակամարտություն առանձնահատուկ է իր պատմական, իրավական և քաղաքական համատեքստում, սակայն, միաժամանակ միջազգային հակամարտությունների կարգավորման վերջին դինամիկան ապացուցում է, որ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում` ժողովուրդների ինքնորոշման և ազատ կամարտահայտման իրավունքները առաջնային են: Այս համատեքստում ՀՀ Նախագահը մեջբերել է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի խոսքերը. «Ազգային ձգտումները պետք է հարգվեն. Ժողովուրդը հիմա կարող է տիրապետվել կամ կառավարվել միայն իր համաձայնությամբ: «Ինքնորոշման իրավունքը» միայն արտահայտություն չէ. այն գործողության հրամայական սկզբունք է»:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Արևմուտքի և Ռուսաստանի միջև Հայաստանի` որպես կամուրջի դերին` ընդգծելով, որ մեր երկիրը դեմ է բաժանարար գծերին և հանդես է գալիս տարբեր համակարգերի ու շահերի հավասարակշռման օգտին:

ՀՀ Նախագահը վստահ է Հայաստանի ապագա զարգացման հարցում, ինչը նա պայմանավորում է նոր սերնդի հայրենասիրությամբ և առավել լայն կրթական հնարավորություններով: «Լինելով իրենց երկրի իրական նվիրյալներ` նրանք դաստիարակվել են որպես աշխարհի իրական քաղաքացիներ»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը:

The New York Times-ի ներդիրում ներկայացվել է նաև Հայաստանի ներդրումային գրավչությունը տնտեսության տարբեր ճյուղերի, մասնավորապես գյուղատնտեսության, ֆինանսական համակարգի, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am