Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Մոնսերատ Կաբալյեն կնպաստի, որ արցախցի տաղանդները հանդես գան միջազգային բեմերում

Մոնսերատ Կաբալյեն կնպաստի, որ արցախցի տաղանդները հանդես գան միջազգային 
բեմերում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալյեի երկրորդ այցը Արցախ հիմք է դրել նոր համագործակցության, որի նպատակն է Արցախում ոչ միայն զարգացնել օպերային արվեստը, այլեւ ճանապարհ հարթել արցախցի տաղանդներին միջազգային բեմերում ելույթների համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ  մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը ներկայացնում է Կաբալյեի այցի մանրամասներն ու նոր համագործակցության ծրագրերը:

-Տիկին Աղաբալյան, Մոնսերատ Կաբալյեի առաջին այցը մեծ աղմուկ բարձրացրեց հատկապես Ադրբեջանում: Ենթադրվում էր, որ աղմուկը կխոչընդոտի Կաբալյեի հետ հետագա համագործակցությանը: Սակայն ստացվեց հակառակը:

-Այո, դուք իրավացի եք: Առաջին ացի ժամանակ, երբ Կաբալյեն եկավ Արցախ ու ճանաչեց այն, խոստացավ, որ համագործակցությունը կշարունակվի եւ որ ինքը պատրաստ է նաեւ վարպետության դասերով աջակցել արցախցի երիտասարդներին: Խոսել էինք այդ թեմայով, բայց չէինք պատկերացնում, որ նա նորից կգա Արցախ: Շատ դժվար է այդ տարիքում, այդ առողջական վիճակով նման ճանապարհ հաղթահարել, եւ նաեւ դրանով է թանկ այս այցը, որ իմանալով` ուր է գնում եւ ինչ դժվարություն է  հաղաթահարելու, եկավ Արցախ: Երգչուհուն ուղեկցում էին աղջկա ընտանիքը, թոռնիկը, նվագակցող երաժիշտն ու երգիչներ: Դեռեւս նախորդ տարի Փարիզում նա խոստացավ գալ եւ Ստեփանակերտում համերգ տալ: Իր մեջ պահանջ ծնվեց, որ անպայման պետք է արցախցիների համար երգի: Հետաքրքրական է, որ Կաբալյեն նամակ էր գրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` ասելով, որ ինքը շատ ուրախ է ծանոթանալ մեր երկրին, ժողովրդին եւ եկեղեցուն: «Դուք պատրաստվում եք նշել խաղաղության հաստատման քսանամյակը, ես կգամ եւ ձեզ հետ կտոնեմ այն: Պատրաստ եմ իմ բոլոր ծրագրերը փոխել, որպեսզի իմ ընկերներն էլ կարողանան ինձ հետ գալ Արցախ»,- ասված էր նամակում: Եւ մեզ համար սա կրկնակի ուրախություն ու մեծ պատիվ էր, այսպիսի պատրաստակամություն տեսնել նման մեծության կողմից եւ պայմանավորվածության համաձայն էլ համերգ կազմակերպվեց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:

-Արցախցին ինչպե՞ս ընդունեց Կաբալյեին:

-Արցախցին շատ ջերմորեն ընդունեց: Երկրպագուները նրան ուղեկցում էին ամենուր: Նա այցելեց վերջերս վերանորոգված երաժշտական քոլեջ, որտեղ տեղի ունեցավ Մոնսերատ Կաբալյեի անվան երգեցողության մասնագիտացված դասարանի բացումը: Գիտեք, օպերային արվեստի տեսակետից Արցախը լավ նախադյալներ ունի: Պետք է բացահայտել եւ զարգացնել տաղանդները, եւ այս ուղղությամբ լուրջ ու հետեւողական աշխատանք է կատարվում, մանսնագիտական դասարանի բացումն էլ այդ գործունեության սկիզբն է: Այսօր էլ Արցախում օպերային ներկայացումներ բեմադրվում են, բայց կրթական մակարդակով լուրջ քայլեր է պետք կատարել, եւ խնդրեցինք Կաբալյեի աջակցությունը, որ իր խորհրդով ու աջակցությամբ հրավիրենք մասնագետների, ովքեր կգան եւ վարպետության դասեր կտան Արցախում: Նա համաձայնեց աջակցել այդ հարցում, նաեւ լսեց մեր երգիչներին, երաժիշտներին: Հատկապես հավանեց ջութակահար Դավիթ Հակոբյանին եւ ցուցադրած վարպետության համար նրան անվանեց վիրտուոզ: Կաբալյեն ցանկություն հայտնեց, որ Դավթին ամբողջ աշխարը լսի, եւ մեր համագործակցության մի ողղությունն էլ կլինի արցախցի երաժիշտների համար ճանապարհ հարթելը դեպի միջազգային բեմեր: 

-Ստացվում է, որ քաղաքական առումով Արցախը չճանաչված պետություն է, բայց մշակութային առումով ավելի բարձր է, քան մի շարք ճանաչված պետություններ: 

-Ես միայն ուրախ եմ դրա համար: Մեր խնդիրն է ցույց տալ աշխարհին, որ Արցախը ոչ թե հակամարտող պետություն է, ագրեսոր, այլ քաղաքակիրթ, մշակութաստեղծ, հարուստ պատմություն ունեցող երկիր: Մշակույթի միջոցով  մեր բարեկամների թիվն ավելանում է: Մարդիկ, ովքեր այդքան էլ սկզբունքային չեն, ընկրկում են Ադրբեջանի սովորական դարձած վայնասունի, հիստերիկ ջղաձգումների դեմ, մարդիկ ովքեր կայուն են եւ ապրում են իրական արժեքներով, իրենց առջեւ խոչընդոտներ չեն տեսնում: Որքան փորձում են արգելել, այնքան ավելի հաստատակամ են իրենց ցանկություններում: Անցյալ անգամ Ադրբեջանը փորձեց կասեցնել եւ չստացվեց: Կաբալյեին սեւ ցուցակում ընդգրկեցին, հետո հասկացան, որ առնվազն ապուշություն է իրենց արածը եւ համերգի հրավեր ուղարկեցին նրան: Բայց երկրորդ անգամ Արցախ այցելելով` Կաբալյեն ցույց տվեց, որ ազատ է իր ընտրության մեջ ու ինքն է ընտրում իր բարեկամներին եւ, կարծում եմ, շատ հարցերի պատասխան տվեց:

 -Այլ աշխարհահռչակ աստղերի հետ համագործակցո՞մ եք:

-Այո, եւ սպասվոմ են նոր նախաձեռնություններ, ուղղակի հաշվի առնելով Ադրբեջանի` արհեստական խոչընդոտներ ստեղծելու հավանականությունը, մենք չենք հայտարարում նախապես այդ մասին: Շատերի հետ ենք համագործակցում եւ շատ մեծ նախագծեր ունենք: Սահմանել ենք նշաձող, որն իջեցնել չենք կարող եւ ամենահետաքրքրականն այն է, որ յուրաքանչյուրն, ով հաղթահարում է դժվարությունն ու այցելում Արցախ, սիրահարվում է մեր երկրին: Ով չի գալիս, իր գործն է: Աշխարհում բոլոր ժողովուրդներն ու մարդիկ ունեն նույն իրավունքը, եւ պետք է դա հաշվի առնել: Անհեթեթություն է մարդկանց ասել` դուք իրավունք չունեք շփվելու այսպիսի մեծությունների հետ կամ հանդես գալու մեծ բեմերում, քանի որ դուք ճանաչված չեք: Մեզ ճանաչում են շատ հայտնի մարդիկ, որոնց կարծիքը հեղինակավոր է, ովքեր իսկապես  կշիռն ունեն: Մեզ ճանաչում են ժողովուրդներ, իսկ քաղաքական իշխանությունները թող ճանաչեն այն ժամանակ, երբ իրենք հարմար կգտնեն: 

-Եթե ամփոփելու լինենք մշակութային տարին, ինչպիսի՞ն էր այն Արցախի համար:

-Տարին արդյունավետ էր: Երկու ողղություն կառանձնացնեմ` մշակութային կրթություն ու մշակութային համագործակցություն: Մշակութային կրթության ոլորտում բարեփոխումներ են կատարվել, եւ շեշտը դրվել է այն բանի վրա, որ Արցախում մյուս արվեստները զարգանան, ապահովենք արվեստների զարգացման համաչափությունը: Բոլոր շրջաններում ունենք երկու տասնյակ երաժշտական դպրոցներ, եւ, բնականաբար, միայն երաժշտարվեստն էր զարգանում, իսկ մնացած արվեստները մանկապատանեկան կենտրոնների մակարդակով էին զարգանում: Այս տարի սեպտեմբերից վերակազմակերպեցինք արվեստի բոլոր դպրոցները, որ զարգացնենք կիրառական արվեստը, կերպարվեստն ու պարարվեստը նույնպես: Ինչ վերաբերում է մշակութային երկխոսությանն ու ինտեգրմանը, ապա դա տարբեր ձեւերով է արվում: Այս տարի ՀՀ առաջին տիկնոջ հովանավորությամբ Շուշիում կայացավ օպերայի ներկայացում, եւ ռուս հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան խոստացավ հաջորդ տարի Արցախում բեմադրել Վերդիի «Ռեքվիեմ»-ը: Սա նորից ենթադրում է մշակութային համագործակցություն: Այժմ աշխատանքներ են ընթանում քանդակների պուրակի բացման ուղղությամբ: Այս տարի երեք նոր թանգարան է բացվել Շուշիում, ինչը նույնպես շատ կարեւոր է թանգարանային գործի եւ մշակութային զբոսաշրջության գրավչության բարձրացման առումով:

 

Հարցազրույցը` ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am