Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Սոցիալական բիզնեսը Հայաստանում. կույր մերսողների ծառայությունը մեծ պահանջարկ ունի ներսում եւ երկրից դուրս

Սոցիալական բիզնեսը Հայաստանում. կույր մերսողների ծառայությունը մեծ 
պահանջարկ ունի ներսում եւ երկրից դուրս

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական տվյալներով` Հայաստանում գրանցված է 196 703  հաշմանդամություն ունեցող անձ: Նրանցից տարիքային առումով աշխատունակ են 110 000-ը, սակայն աշխատում են 8-9 տոկոսը: Հայաստանտում հաշմանդամների աշխատանքի հարցը լուծվում է ՀՀ Սահմանադրությամբ: «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝  հաշմանդամներն ունեն ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով սահմանված նույն իրավունքները, ազատություններն ու պարտականությունները, ինչպես այլ անձինք: Սակայն արդյոք բոլորն են կարողանում օգտվել իրենց իրավունքից:

Հատուկ կարիքներ ունեցող անձանց զբաղվածությունն ապահովելու նպատակով պետական մակարդակով մշակվել են մի շարք ծրագրեր: Մասնավորապես «Աշխատատեղերի հարմարեցման ծրագրի» միջոցով 2014 թվականից մինչև 500 հազար դրամ է հատկացվում այն գործատուներին, ովքեր պատրաստ են աշխատանքի ընդունել հաշմանդամների: Քանի որ ծրագրերն աշխատանք փնտրողների համար է, գործատուն նախ պետք է դիմի Զբաղվածության պետական ծառայություն գործակալություն, եռակողմ պայմանագիր կնքվի կողմերի միջև, ապա նոր, ստանալով գումարը, կատարի հարմարեցումները: Երկրորդն Աշխատավարձի մասնակի փոխհատուցման ծրագիրն է:

«Ունիսոն» հասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Ալավերդյանն, «Արմենպրես»-ի հետ զրույցում, նշեց, որ մինչև 2014 թվականն այս ծրագիրն ավելի արդյունավետ էր, քանի որ փոխհատուցվում էր աշխատավարձի հիսուն տոկոսը (սակայն ոչ ավելի քան սահմանված նվազագույն աշխատավարձը) մինչև երկու տարի ժամկետով: 2014-ից երկու տարի ժամանակահատվածը նվազել է մինչև կես տարի:

«Մենք հիմա շատ ահազանգեր ենք ստանում, որ որոշ գործատուներ, ովքեր պատրաստ են եղել, ներառվելով այդ ծրագրում, հաշմանդամի ընդունել աշխատանքի, այժմ հրաժարվում են` կես տարին համարելով շատ քիչ: Երկու տարի ժամանակահատվածը կարևոր էր նաև նրանով, որ այդ ընթացքում հաշմանդամը կարող էր ձեռք բերել պատշաճ աշխատանքային փորձ, հմտություններ աշխատաշուկայում մրցունակ դառնալու համար»,- պարզաբանեց Ալավերդյանը:

Հասարակական կազմակերպության ջանքերի շնորհիվ 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած զբաղվածության մասին նոր օրենքի մի շարք դրույթներով քվոտաներ են սահմանվում հաշմանդամություն ունեցող անձանց համար: Օրենքի այդ դրույթները պետական սեկտորի համար ուժի մեջ կմտնեն 2015 թվականի հունվարի 1-ից, իսկ մասնավոր սեկտորի համար` 2016-ի սկզբից: Այն չի գործում 100-ից պակաս աշխատողներ ունեցող գործատուների համար, և երեք տոկոս քվոտա է ապահովում պետական սեկտորի և մեկ տոկոս մասնավոր սեկտորի համար:

Չնայած այս փոփոխություններին և ձեռնարկված միջոցառումներին` հայ գործատուների գերակշռող մասի մոտ շարունակում է գերիշխել կարծատիպային մտածելակերպը, և շատերը խուսափում են աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող անձնաց:

Հայաստանում հաշմանդամների զբաղվածության խնդիրը լուծելու այլընտրանք կարող են հանդես գալ սոցիալական բիզնեսները: Օրինակը մեր երկրում արդեն կա: «Տեսնող ձեռքեր» մերսման մասնագիտացված կենտրոնի տնօրեն Մարիամ Դիլբանդյանն իր օրինակով է ցույց տալիս, որ նման նախագիծը կարող է հաջողության հասնել:

2014 թվականի մայիսից  Երևանի Մոսկովյան 21 հասցեում գործում է «Տեսնող ձեռքեր» մերսման սրահը, ուր աշխատում են մասնագիտական վերապատրաստում անցած չորս կույր մերսողներ:

«Գաղափարն առաջացավ դեռ այն ժամանակ, երբ զբաղվում էի հայերեն աուդիոգրքերի ձայնագրմամբ: Համագործակցում էի «Ֆորտե» հասարակական կազմակերպության հետ, որը նաև զբաղվում է  կույրերի խնդիրներով: Այս կերպ մուտք գործեցի տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համայնք: Սկզբում աուդիոգրքերի պատրարստմամբ և անվճար տարածման միջոցով նրանց կրթության ինչ-որ մաս ապահովում էինք, բայց հետո գալիս էր մասնագիտական կրթության հարցը: Ո՞ր ոլորտում նրանք կարող են իրենց լավ դրսևորել, որ հետո աշխատաշուկայում էլ կարողանան ծառայություններ առաջարկել և գումար վաստակել: Մայրս երկար տարիներ աշխատել է որպես մերսող, ու այդ կոնցեպտը կար մտքիս մեջ` գերզարգացած շոշափելիք, ֆիզիկական ուժ: Մտածեցի` հրաշալի կլինի, եթե կույր անձանց սովորեցնել մերսում»,- «Արմենպրես»-ին պատմեց Մարիամը:

Մտահղացումն իրականացնելն այնքան էլ հեշտ չէր: Հայաստանում չկար համապատասխան հաստատություն, որը մերսման գիտելիքներով կապահովեր տեսողական խնդիրներ ունեցող անձանց: Բացը լրացվեց առանձին դասընթացների միջոցով` ներգրավելով միջազգային մասնագետների, ովքեր պատրաստակամ գտնվեցին առանց վարձատրության իրենց փորձը փոխանցել կույրերին: Ութամսյա դասընթացների արդյունքում, հավաքվեց առաջին խումբը, որի մի մասը հիմա աշխատում է սրահում, մի մասն էլ անցել է անհատական աշխատանքի: «Շուկան դեռ պատրաստ չէր հաշմանդամից ծառայություն վերցնել, դժվար էր այդ մարդկանց տեղավորել մերսման սրահներում: Նվազագույն ռեսուրսներով ստեղծեցինք սրահը: Արդեն կրթություն ստացած կույրը  դասավանդում է նոր ուսանողներին: Փորձի փոխանակումն իրենց մոտ շատ հեշտ է ստացվում. սովորում են մերսման տարբեր տեսակներ, անգլերեն, ծառայությունների մատուցման նորմերը»,-նշեց նա` հավելելով, որ ձեռք բերվածով չեն բավարարում, և նախատեսում են ծրագիրը մեծացնել: Նպատակն է պատրաստել միջազգային չափանիշներին համապատասխանող մասնագետներ, ապա դուրս գալ նաև արտաքին շուկա` Վրաստան, Հունաստան, ընդլայնել ծառայությունների շրջանակը:

ԵՄ «Հաշմանդամների հավասար իրավունքներ և ընդգրկում» ծրագրի շրջանակներում`կենտրոնը Բելառուսում մասնակցել է միջազգային համաժողովին` ներկայացնելով Հայաստանը: Գաղափարը ամենագրավիչն է համարվել համաժողովում, և Նիդերլանդների ներկայացուցիչները ցանկություն են հայտնել այն տարածել աշխարհով մեկ:

Երկրի ներսում նույնպես այն գնալով հետաքրքրություն է առաջացնում: Համագործակցում են հյուրանոցների հետ` մերսման ծառայություններ պատուցելու համար: Իսկ Հայաստանում գործող հեռահաղորդակցության խոշոր ընկերություններից մեկն արդեն պատրաստակամություն է հայտնել օգտվել կենտրոնի գրասենյակային ծառայություններից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am