Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դպրոցներում ռոբոտաշինությունը պարտադիր առարկա կդառնա

Դպրոցներում ռոբոտաշինությունը պարտադիր առարկա կդառնա

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դպրոցներում շախմատը որպես կրթական ծրագրի պարտադիր առարկա դարձնելու փորձից ոգևորված` ՀՀ կառավարությունը ծրագրում է ռոբոտաշինությունը ևս ներառել դպրոցական կրթական ծրագրում: Ներկայում Հայաստանի 50-ից ավելի դպրոցներում գործում են արտադասարանային ռոբոտաշինական խմբակներ, որոնք սպասարկում են հանրապետության 500-700 աշակերտի: Բացի այդ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը «Նաիրի» կոնսորցիումի հետ անցել է ռոբոտաշինական ծրագրի երկրորդ` ավելի ամբիցիոզ և մեծածավալ հատվածին` հանրապետության բոլոր դպրոցները «Նաիրի» լաբորատորիաներով համալրմանը: «Արմենպրես»-ն այս թեմայով զրուցել է կոնսորցիումի համահիմնադիր, «Ինսթիգեյթ» ընկերության գլխավոր ինժեներ Վահագն Պողոսյանի հետ:

«Դպրոցներում ռոբոտաշինական խմբակների հիմնադրման առաջին փուլն սկսվեց անցյալ տարի, որը ներառեց հանրապետության 50-60 դպրոցներ, որոնցից 44-ը շրջաններում են: Ծրագիրն իրականացվեց ԻՏՁՄ-ի կողմից, ֆինանսավորվեց մասնավոր սեկտորից և ՀՀ կրթության ու գիտության նախարարության կողմից: Ռոբոտաշինական ուսուցողական համակարգը ստեղծեց «Սայմոտեկ» ընկերությունը: Ծրագրի երկրորդ մասը, որն ավելի ամբիցիոզ ու մեծածավալ է, վերաբերում է դպրոցներում «Նաիրի» լաբորատորիաներ հիմնելուն, որոնցում բացի մեկ սարքից, լինեն նաև օժանդակ արտադրական միջոցներ, հայկական արտադրության պլատաներ, որոնցով երեխաները կսովորեն ու կպատրաստեն իրենց սեփական ռոբոտը կամ այլ սարք»,-ասաց Վահագն Պողոսյանը:

Ներկայում գործող ռոբոտաշինական խմբակներում երեխաներն աշխատում են հայկական արտադրության «Աղվես» ծրագրավորման գործիքով և «Արաքս» օպերացիոն համակարգով, ինչը, ըստ Վահագն Պողոսյանի, խթան է երեխաների համար ապագայում տեղեկատվական տեխոնոլոգիաների ոլորտն ընտրելու համար: ««Աղվես»-ը, «Արաքս»-ը հայերենով են, դրանք հայկական ընկերության կողմից են ստեղծվել, ինչը երեխաներին ցույց կտա, որ Հայաստանում թե ծրագրային, թե արդյունաբերական հատվածը գոյություն ունեն, և իրենք, մեծանալով, կարող են այս մասնագիտությամբ այստեղ գործունեություն ծավալել»,-նշեց զրուցակիցը:

Վահագն Պողոսյանի դիտարկմամբ` միջին դպրոցում «Նաիրի» լաբարատորիաներ հիմնելու հիմնական նպատակը նաև մասնագիտական կողմնորոշման խնդիրը լուծելն է: Նրա խոսքով` կան երեխաներ, հատկապես շրջաններում, ովքեր նույնիսկ չգիտեն մասնագիտության, դրա պահանջված լինելու մասին: «Ուղղակի դասախոսությամբ չես կարող երեխային պատմել, թե որքան հետաքրքիր է այդ մասնագիտությունը, քանի որ այն կիրառական է, երեխան պետք է տեսնի, որ մեջը հետաքրքրություն առաջանա: Սարքերը պետք է լինեն նրա դպրոցում, որ քանդի, ջարդի, նորից հավաքի: Բոլոր սարքերը, որ ունենք, աշակերտները կարող են քանդել, հետո էլի իրենց ուժերով պատրաստել, նույնիսկ կարող են վերարտադրել ու երկրորդ տարբերակը ստանալ»,-փաստեց գլխավոր ինժեները:

Ինչ վերաբերում է ռոբոտաշինությունը որպես դպրոցական պարտադիր կրթական առարկա դարձնելուն, Վահագն Պողոսյանը նշեց, որ ուսումնասիրում են շախմատի փորձն ու համագործակցում Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն, ՀՀ շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հետ:

«Երբ ռոբոտաշինական խմբակները բացեցինք, դա խթան հանդիսացավ, որ կառավարությունը, շախմատի հաջող օրինակից ելնելով, որն աշխարհում Հայաստանի բրենդն է դարձել, որոշի ռոբոտաշինությունը պարտադիր կրթական առարկա դարձնել, ոչ թե արտադասարանային ծրագիր: Քննարկումներն սկսվել են, մենք միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ենք, որը հայեցակարգն է մշակում, թե ինչպես դա պետք է դպրոց մտնի: Սմբատ Լպուտյանի հետ, ում ներդրումը շախմատում անգնահատելի է, ներկայում քննարկում ենք ռոբոտաշինության առարկայի ստեղծման մեջ նրանց փորձի կիրառումը, որովհետև բոլորն էլ հասկանում են, որ մեկ որոշումով առարկան չի կարող մտնել դպրոց, դա իրականացնում են ինստիտուտները, աշխատանքային խմբերը, որոնք մշակում են հայեցակարգ ու իրականացնում կետ առ կետ»,-հայտնեց Վահագն Պողոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am