Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

ԵՏՄ-ին անդամակցելուց հետո էլ պահպանվելու է Վրաստանի հետ ազատ առևտրի ռեժիմը

ԵՏՄ-ին անդամակցելուց հետո էլ պահպանվելու է Վրաստանի հետ ազատ առևտրի 
ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Վրաստանի միջև գործող ազատ առևտրի ռեժիմը մնալու է ուժի մեջ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Ազգային Ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նրա խոսքով` Հայաստանի նկատմամբ առանձնահատուկ մոտեցում է կիրառվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելիս` պայմանավորված երկու հանգամանքով: «Առաջինն այն է, որ միասնական սահման չունենք միության անդամ երկրների հետ, մյուսը` Հայաստանի Հանրապետության աշխարահագրական դիրքն է, որ սահմանակից ենք չորս երկրի, որից երկուսի հետ կապ չունենք: Վրաստանը գնում է ասոցացման համաձայնագրի ուղղությամբ, սակայն մենք պահպանում ենք Վրաստանի հետ մեր պայմանավորված ազատ առևտրի համաձայնագիրը, այն մնում է ուժի մեջ: Կրկին մեր ապրանքները Վրաստան կմտնեն զրո տոկոս դրույքաչափով, այնտեղից էլ Հայաստան կմտնեն կրկին զրո տոկոս դրույքաչափով: Ոչ մի փոփոխություն չկա այդ պայմանավորվածության առումով: Սա լավագույն օրինակն է, թե ինչպես կարող են համագործակցել երկու տարբեր տնտեսական միավորումներին միացած երկրները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտնեց Վարդան Այվազյանը:

Այվազյանի տեղեկացմամբ` այսօր Ազգային ժողովը զբաղված է ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրի վավերացման գործընթացով: «Արդեն երեկվանից սկսվել է գործընթացը, ու մենք շատ շուտով կստանանք ԵՏՄ անդամակցության համաձայնագիրը` բոլոր օրենսդրական փաթեթներով, քանի որ մինչև դեկտեմբերի 31-ը պետք է վավերացնենք պայմանագիրն ու այն դարձնենք գործողության նորմ, որ հունվարի մեկից դառնանք լիիրավ անդամ»,-հավելեց պատգամավորը:

Հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ՀՀ նախագահը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը: Միությունը կսկսի գործել 2015 թվականի հունվարի 1-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am