Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ականատեսը». 102-ամյա Արշալույս Մուրադյանը «էրգիրը» նորից տեսնելու հույսը չի կորցնում

«Ականատեսը». 102-ամյա Արշալույս Մուրադյանը «էրգիրը» նորից տեսնելու 
հույսը 
չի կորցնում

ԱԿՆԱԼԻՃ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Արմենպրես» լրատվական գործակալության մեկ և կես տարվա կենսագրություն ունեցող` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Ականատեսը» հատուկ նախագիծը շարունակում է իր ընթացքը: Մեր ստեղծագործական խումբը ականատես-վերապրողների հուշերը հավաքելու նպատակով այս անգամ այցելեց Արմավիրի մարզ:  Արշալույս Մուրադյանը Արարատի մարզի Էջմիածնի շրջանի Ակնալիճ գյուղի ամենատարեց բնակիչն է: Նա ծնվել է 1912 թվականին Տաջկահայաստանի (Արևմտյան Հայաստանը սփյուռքահայերն անվանում են նաև Տաջկահայաստան)  Խնուսի շրջանի Գոպալ գյուղում կամ, ինչպես ինքն է անվանում, «էրգրում»:

«Կարծում ես, մեր կամքո՞վ ենք եկել... Թուրքը հարձակվեց, կոտորեց, եկանք այստեղ: Աստծուն փառք, ապրանք»,- անցյալի մասին վերհուշն այսպես է սկսում  102-ամյա կինը, ով երեք եղբայր է ունեցել: Նրան փրկելու համար ծնողները` Եղիազարն ու Նվարդը, իրեն դրել են սայլի մեջ ու ծածկել խոտով:

Պատմական տեղեկանք

Հայաստանը, 383 թ. կորցնելով անկախությունը, բաժանվեց հարևան երկու գերպետությունների միջև. Արևելքը` Սասանյան Պարսկաստանի և Արևմուտքը` Բյուզանդայի: Հետագայում` VII-IX դարերում Հայաստանի տարածքին տիրացան արաբները: IX դարում հայերը իրենց հայրենիքում պայքարեցին արաբների դեմ և հռչակեցին Բագրատունյաց թագավորությունը, որը գոյատեւեց մինչև XI դար:
Վրա է հասնում նոր նվաճումների ժամանակաշրջանը, Հայաստան թափանցեցին սելջուկները, թաթար-մոնղոլները, որոնք XV դարի 60-ականներին ստեղծեցին Օսմանյան կայսրությունը և Բյուզանդայի փոխարեն տեր դարձան Հայաստանի արևմտյան տարածքներին: Մինչև XX դարը հայերը հաճախակի ապստամբում էին սելջուկների դեմ և ճնշվում :  

Ականատեսը հիշում է, որ շատերն էին երեխաներին թաքցնելու, գերությունից փրկվելու համար հենց այս «հնարամիտ» եղանակն ընտրել: Ընտանիքն առանց զոհերի հասել է Արևելյան Հայաստան:

Սկզբնական շրջանում հաստատվել Ալագյազ գյուղում, այնուհետև` Ակնալիճում:

«Հայրս բարձրագույնն ավարտած մարդ էր: Էրգրում ապրում էին էլի, բայց թուրքի տիրապետության տակ էին ապրում»,- նկատում է Արշալույսը` մտաբերելով ևս մեկ դրվագ, որը ծնողներից է լսել:

«Թուրքերը քառասուն երիտասարդի գցեցին մարագն ու վառեցին: Շատ դաժան օրեր են տեսած մեր հայերը թուրքի ձեռքը»,- ասում է տարեց կինը:

1933 թվականին պատմության հերոսուհին ամուսնանում է իր համերկրացի Սահակի հետ, ունենում տասը երեխա: Չնայած կյանքում տեսած բազում դժվարություններին`  իրեն բախտավոր է համարում: Տատմեր Արշալույսն իրենց գյուղում ավելի քան հարյուր երեխայի է օգնել լույս աշխարհ գալ:  

Բացի այդ, նա նաև զբաղվել է դաշտային աշխատանքներով, բանվորությամբ: 1962 թվականի լուսանկարում երիտասարդ Արշալույսը դեռ նոր է տեղափոխվել Ակնալիճ:

Գյուղի այսօրվա ամենատարեց բնակիչը խոստովանում է, որ ուշադրության և հարգանքի պակաս չի զգում: Հարցին, թե կցանկանար երբևէ վերադառնալ հայրենիք, ականտեսն ունի կարճ պատասխան. «Բա չե՞մ ուզում, հիմա էլ տանես կգամ, արի իրար հետ գնանք»,- առաջարկում  է նա: Արշալույսը վստահ է, որ իրականությունը խեղաթյուրված ներկայացնելու թուրքերի քաղաքականությունը երկար կյանք չի ունենա: Հայերին նա համարում է քաջ ժողովուրդ:

Պատմության հերոսուհին ունի առողջ լինելու իր բանաձևը: Կտրականատես հրաժարվում է սուրճից, քաղցրեղենից և մսեղենից` փոխարենը նախընտրելով կաթնամթերքը: Իր կյանքում առանձնահատուկ տեղ ունեն հավատը, անդավաճան սերն առ Աստված:

«Ինչպե՞ս կարելի է Աստծուն չհավատալ»,- վրդովված նկատում է նա:

Որդուն մեկ տարի առաջ է կորցել, ինչը խոր վիշտ է պատճառում տարեց կնոջը: Նրա առօրյան փոքրիշատե լցվում է ուրախությամբ, երբ այցի է գալիս 80-ը բոլորած հարևանուհին`  Անահիտը, ում հետ երկար զրուցում են տարբեր հարցերի շուրջ:

Ընտանիքի ամենամեծ անդամին Մուրադյանները շրջապատել են հոգատարությամբ: Ժպիտով են պատմում տատիկի` հայկական արտադրության հեռուստասերիալների նկատմամբ սիրո մասին: Երեք տարի առաջ ողջ գերդաստանով նշել են Արշալույս տատի 100-ամյակը, ինչի ժամանակ նա երգել է,  անգամ պարել: Ականատեսը շատ է ցանկանում, որպեսզի բարությունն ու խաղաղությունը տիրեն աշխարհում, երիտասարդներն էլ լինեն երջանիկ և առողջ:

Լրատվական գործակալությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ 2013 թվականի ապրիլի 23-ին հանրության դատին հանձնեց «Ականատես»-ի առաջին պատմությունը: Նախագիծն ամփոփում է ականատես-վերապրողների  արժեքավոր հուշերն ու պատմությունները:

 Ցեղասպանությունը վերապրած անձանց թիվը հանրապետության տարածքում ամենից շատը Արմավիրի մարզում է

Պատրաստեցին Տաթևիկ Գրիգորյանը և Անահիտ Մինասյանը

Լուսանկարները` Արթուր Հարությունյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am