Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

«Հայ ֆեստ»-ն այս տարի կունենա մասնակիցներ 18 երկրից, բացումն`այսօր

«Հայ ֆեստ»-ն այս տարի կունենա մասնակիցներ 18 երկրից, բացումն`այսօր

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասնութ երկրից ժամանած 200 մասնակիցներ և հյուրեր հոկտեմբերի 1-ից Երևանում կմասնակցեն «Հայ ֆեստ» 12-րդ միջազգային թատերական փառատոնին: «Փառատոնային իրարանցում» խորագրի ներքո անցկացվող տոնը կմեկնարկի այսօր ժամեր անց:  ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող իրադարձությունն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 1-8-ը:

«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը փառատոնի մեկնարկին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հույս հայտնեց, որ ամեն ինչ լավ կանցնի:

«Փառատոնը նախորդ տարի բաղկացած էր տարբեր տարրերից՝ սեր, կիրք, գործողություն, գաղափար և այլն: Փառատոնի այս տարվա լոգոյից նկատում ենք, որ մարդիկ՝ հանդիսատեսն ու դերասանները, միաձուլված են. ստեղծվում է թատրոն: Փառատոնի ռուսական ծրագիրը հզոր է: Բրիտանական «Լայվինգ փիքչրս» թատրոնի ներկայացումը ևս շատ լավն է: Մեր ծրագիրը շատ հագեցած է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  նշեց Արթուր Ղուկասյանը:

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանն ընդգծեց, որ նախարարությունը շատ է կարևորում փառատոնի անցկացումը: «Այս փառատոնը ճանաչված, սիրված և շատ սպասված է: Փառատոնի շնորհիվ հանրությունը ոչ միայն հաղորդակցվում է տարբեր ներկայացումների, այլև մասնակցում է վարպետության դասերի»,-նշեց նա:

Փառատոնի բացումը կազդարարի աշխարհահռչակ հունգարական «Լիվինգ փիքչըրս» թատրոնի «Կենդանի մակերես» մուլտիմեդիա ներկայացումը` Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: «Լիվինգ փիքչըրս» թատրոնը հիմնադրվել է 2003 թվականին՝ նպատակ ունենալով ստեղծել վիզուալ և բազմաժանր թատերական ներկայացումներ, կենդանի ցուցահանդեսներ և նմանատիպ այլ ծրագրեր: Ներկայացման մեջ հանդիսատեսը կարող է ուսումնասիրել երկրաբանություն կամ պարզապես հաճույք ստանալ դրանից. նրան կարող են հիացնել տեղագրական փոխակերպումները և մակերևույթի վերացական մարմինների շարժումները:

Ներկայացման բեմադրիչ Սոֆի Բերսին առաջին անգամ է մեր երկրում: Խոստովանում է՝ առաջին անգամ չէ, որ դիմել է «Հայ ֆեստ»-ին մասնակցելու համար, բայց այս անգամ ամեն ինչ ստացվեց:

«Մեր թատրոնը յուրահատուկ է ոչ միայն Հունգարիայում, այլև ամբողջ Եվրոպայում: Սա ներկայացում է առանց բառերի, խոսքերն անիմաստ են: Ներկայացման ընթացքում ոչ մի դերասանի բեմում չեք տեսնի»,-նշեց Սոֆի Բերսին: Բեմադրիչի խոսքով՝ ինքը  հայ ուսուցիչ է ունեցել, տպավորված է հայկական ճարտարապետությամբ և ցանկանում է այցելել տարբեր երկրներ:

«Հայ ֆեստ»-ին այս տարի կհյուրընկալվեն 18 երկրից ժամանած 200 մասնակիցներ և հյուրեր, որոնց թվում` հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնի նախագահներ, թատերագետներ` Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլն:

Երևանյան 10 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 50 ներկայացում:

Թատերասերները հնարավորություն կունենան դիտել դրամատիկական, երաժշտական, պարային, իրերի, տիկնիկային, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:

Կրճատվել է փառատոնին հատկացվող օգնությունը, սակայն որակը դրանից չի տուժի: Փառատոնի հյուրերը կանցկացնեն վարպետության դասընթացներ:

Փառատոնի նշանավոր ներկայացումներից են «Ջուրը`գդալ-գդալ» ներկայացումը (հայ-ամերիկյան համատեղ թատերական նախագիծ), «Արտիշոկ» թատրոնի (Ղազախստան) «Պուշկին stand-up», «Մոդեռն» թատրոնի (Ռուսաստան) «Մահացած պարեր», «Դոկ» թատրոնի (Ռուսաստան) «150 պատճառ հայրենիքդ ատելու համար», «Լայվինգ փիքչըրս» թատրոնի (Մեծ Բրիտանիա) «Խելագարի հիշատակարանը», «Ֆրեյս Բոզեն» թատրոնի (Իտալիա) «Տեսարան`արգոնավտների հետ»: 

Երևանյան թատրոններից «Հայ ֆեստ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային, «Համազգային», «Փոքր» և «Միհր» թատրոնները: «Հայ ֆեստ»-ը նաև ուսանողներին հնարավորություն կտա ներկայացնել իրենց աշխատանքները «Արմֆեստ» ուսանողական ծրագրում:

Ներկայացումների մուտքը կլինի անվճար, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ թվով հայ թատերասեր հասարակությանը ծանոթանալ արտերկրի թատերական արվեստի բարձրարժեք նմուշներին: Իսկ փառատոնի բացման ներկայացումը հնարավոր կլինի դիտել հրավիրատոմսերով: 

 «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «Հայ ֆեստ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածաշրջանում (բացառությամբ Մոսկվայի):  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am