Վիկտոր Համբարձումյանի անվան մրցնակակիրները դրամական պարգևը կտրամադրեն երիտասարդ աստղագետների զարգացմանը
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիկտոր Համբարձումյանի անվան 2014 թվականի միջազգային մրցանակակիրներ Ֆելիքս Ահարոնյանը, Իգոր Կարաչենցևն ու Բրենթ Թալին, պատրաստ են իրենց ստացած դրամական պարգևն ուղղել երիտասարդ աստղագետների կայացմանը: Այս մասին սեպտեմբերի 17-ին ՀՀ ԳԱԱ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեցին մրցանակակիրները:
Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009 թվականին և ներկայում աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն մրցանակներից մեկն է: Այն հանձնավում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, ովքեր նշանակալի ներդրում են ունենում գիտության մեջ: Մրցանակային ֆոնդը կազմում է 500 հազար ԱՄՆ դոլար ու տրվում է երկու տարին մեկ անգամ` 2010 թվականից:
«Ես պատրաստվում եմ ինձ շնորհված 250 հազար ԱՄՆ դոլարից 50 հազար ԱՄՆ դոլարը տրամադրել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային գիտությունը զարգացնելու համար: Քանի որ ես աշխատում եմ Գերմանիայում և Իռլանդիայում գործող գիտական խմբերում, մնացածն գումար էլ կհատկացնեմ տարբեր երիտասարդներ գիտնականներին այդ խմբերում ներգրավելու և գիտական աշխատանքներ կատարելու համար»,-ասաց Ֆելիքս Ահարոնյանը` պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:
ԱՄՆ-ը ներկայացնող Բրենթ Թալին հայտնեց, որ բարեգործական հիմնադրամ է ստեղծվել իր կողմից, գումարը կփոխանցվի այդ հիմնադրամին և կծառայի նրան, որ գիտնականներն այցելեն Հավայան կղզիների համալսարանի աստղագիտական ինստիտուտ, ուր նա ծավալում է իր գիտական գործունեությունը: «Իհարկե, այդ գումարը կուղղվի նաև հայ գիտնականների այցելություններին»,-ավելացրեց Բրենթ Թալին:
«Ամենալավ միջոցը դրամական մրցանակը օգտագործելու կլինի այն, որ երիտասարդ հայ աստղագետներին հնարավորություն տրվի Հյուսիսային Կովկասում գործող վեց մետրանոց դիտակայանում աշխատել: Կարևոր է, որ երիտասարդ ասղագետներ գան ու յուրացնեն ոչ հեշտ գիտությունը»,-նշեց Ռուսաստանը ներկայացնող Իգոր Կարաչենցևը:
Գիտնականները կարևորեցին հետագա համագործակցությունը` նշելով, որ դա է հանդիսանում գիտության զարգացման հիմքը: Մրցանակի գումարից 250 հազար ԱՄՆ դոլարը կհանձնվի Ֆելիքս Ահարոնյանին, իսկ Կարաչենցևին և Թալիին` 125-հազարական ԱՄՆ դոլար: Մրցանակը հանձնվում է Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ձեռամբ:
Ֆելիքս Ահարոնյանը (Իռլանդիա և Գերմանիա) առաջադրվել է Լինչեի ազգային ակադեմիայի (Իտալիա) կողմից «բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և տիեզերական արագացուցիչների ֆիզիկայի ոլորտում ակնառու ներդրման և Չերենկովի դիտակների ստերեոսկոպիկ համակարգի մշակման մեջ առաջատար դերի համար»:
Իգոր Կարաչենցևն ու Բրեյթ Թալին առաջադրվել են Հատուկ աստղադիտարանի (Ռուսաստան) կողմից «Տեղական Տիեզերքի տիեզերաբանության մեջ հիմնարար ներդրման համար»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում