Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

ՀՀ նախագահի ճապոնացի մրցանակակիրը գիրք է գրում Հայաստանի ՏՏ ոլորտի հեռանկարի մասին

ՀՀ նախագահի ճապոնացի մրցանակակիրը գիրք է գրում Հայաստանի ՏՏ ոլորտի 
հեռանկարի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԵՐԵՎԱՆ: Տեղեկատավական տեխնոլոգիաների ոլորտում համաշխահային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին արժանած հեղինակությունները կապը Հայաստանի հետ չեն ընդհատում եւ անգամ գիրք են ձոնում Հայաստանին ու նրա ՏՏ ոլորտի ներուժին: Այս մասին ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Նախագահի աշխատակազմի ղեկավար, նշյալ մրցանակաբաշխության կազմկոմիտեի նախագահ Վիգեն Սարգսյանը: «Այս մրցանակաբաշխության գաղափարախոսության մեջ շատ կարևոր է, որ մրցանակակիրը պետք է ժամանի Հայաստան, որպեսզի մրցանակը ստանա: Ընդհանրապես այս մրցանակի հիմնական նպատակը Հայաստանն ավելի ճանաչելի դարձնելն է միջազգային ՏՏ ասպարեզում: Այն մարդիկ, ովքեր մեծ փորձ ունեն, Հայաստան գալով, կարողանում են կիսվել իրենց փորձով, ոգևորել մեր երիտասարդներին: Յուրաքանչյուր մրցանակակիր անցկացնում է  դասախոսություններ, հանդիպում ՏՏ ոլորտի հայաստանյան շրջանակների հետ և դա ունենում է մեծ ազդեցություն»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Նրա տեղեկացմամբ` նախորդ մրցանակակիրներից Ֆեդերիկո Ֆաջինը, ով «Synaptics» ընկերության նախագահն է, ցանկություն է հայտնել գալ Հայաստան ու ներկա գտնվել այս տարվա մրցանակաբաշխությանը, ինչպես նաև շարունակել դասախոսություններն ու հանդիպումները: ««Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն էլ ասել է, որ կցանկանար ժամանել Հայաստան, բայց գերծանրաբեռնված է, որովհետև ի թիվս այլ բաների, սկսել է գիրք գրել Հայաստանի ու երկրի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հեռանկարի ու ներուժի մասին: Սա վկայությունն է նրա, որ մրցանակն աշխատում է այն տրամաբանության մեջ, ինչի համար այն ստեղծվել է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հավաստեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Խոսելով միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի ճանաչելիության ու դերի բարձրացման վերաբերյալ` Վիգեն Սարգսյանը կարևոր մրցանակաբաշխությունների թվում նշեց նաև երիտասարդական մրցանակը, որը տրվում է ՏՏ ոլորտում ցուցաբերած արդյունքների համար լավագույն դպրոցական և բուհական ներկայացուցիչներին, ինչպես նաև աստղագիտության ոլորտում ներդրման համար Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի մասին: «Վերջինը շատ բարձր ու պատվաբեր մրցանակ է համարվում: Երկու տարին մեկ անգամ Հայաստանը դառնում է միջազգային աստղագիտության կենտրոն, իսկ մրցանակաբաշխությունն անցկացվում է Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը` ևս մեկ անգամ ընդգծելու նրա դերը միջազգային աստղագիտության զարգացման գործում»,-շեշտեց Վիգեն Սարգսյանը:

Մրցանակաբաշխության գաղափարի հեղինակ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքով` մրցանակի գաղափարը շատ հավկանոտ էր թվում, քչերն էին հավատում, որ ինչ-որ բան կստացվի: «Դժվար էր հավատալ, որ մրցանակակիրները, լինելով այդքան բազմազբաղ, կարող են գալ Հայաստան, մնալ այստեղ մի քանի օր, նրանցից ոմանք նույնիսկ իրենց ցանկությամբ ևս տասը օր մնացել են Հայաստանում, եղել են մարզերում, ծանոթացել հայ մարդկանց հետ»,-հայտնեց նա:

Հովիկ Մուսայելյանը, անդրադառնալով մրցանակակիրների ընտրության պատմությանը, նշեց, որ հենց սկզբից սկզբունքային է եղել, որպեսզի մրցանակակիրն այցելի Հայաստան, այդ պատճառով մրցանակաբաշխության գործադիր խորհուրդը պետք է վստահ լինի, որ մրցանակի թեկնածուն համաձայն է գալ ու վերցնել մրցանակը: «Մեր առաջին թեկնածուն Բիլ Գեյթսն էր, նա չհրաժարվեց մրցանակից, բայց նրբանկատ նամակ էր գրել, որ իր գերզբաղվածության պատճառով չէր կարող այցելել մեր տարածաշրջան առաջիկա երկու տարիներին: Այդպիսով` մեր առաջին մրցանակակիրը Քեյգ Բարրետն էր, ով սիլիկոնային հովտի լեգենդներից մեկն է: Կարևոր էր, թե ով էր լինելու առաջին մրցանակիրը, անհրաժեշտ էր, որ բարձր նշաձող սահմանեինք»,-ասաց Հովիկ Մուսայելյանը:

Մրցանակաբաշխության գործադիր խորհուրդն ունեցել է նաև Սթիվ Ջոբսի թեկնածությունը, բայց, ցավոք, ծանր հիվանդության և վախճանի պատճառով, նա ևս չի դարձել մրցանակակիր:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակը շնորհվում է 2010 թվականից, որի համար հիմք է հանդիսացել 2009 թվականի հուլիսի 6-ի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած ՏՏ ոլորտում համաշխարհային  ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի հիմնադրման վերաբերյալ հրամանագիրը:

Մրցանակը բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե և ադամանդե մեդալից, դիպլոմից, հուշախորհրդանիշից:

2015 թվականին մրցանակը կհանձնվի «Սիսկո» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլային:

Նախորդ չորս մրցանակակիրներն են` «Ինտել կորպորացիա»-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարրետը, «Apple» ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, «Synaptics» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն:

Մրցանակաբաշխության կազմակերպման, մրցանակների պատրաստման հարցերով հովանավորն է բջջային կապի օպերատոր «Վիվասել» ընկերությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am