Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը ներկա են եղել «Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերային

Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը ներկա են  եղել «Կրակե օղակ» օպերայի 
արցախյան պրեմիերային

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 1-ին Շուշիի ամրոցում ներկայացվեց հայ նշանավոր կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան: Օպերայի պրեմիերան նվիրված էր  Արցախի անկախության օրվան և Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյակին:

Արցախից «Արմենպրես»-ի հետ զրույցում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Վահան Զաքարյանը նշեց, որ «Կրակե օղակ»-ի պրեմիերան շատ լավ է անցել:

«Իրադարձությանը ներկա գտնվեցին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների նախագահները, ինչպես նաև երկու երկրների մշակույթի նախարարները: Միաժամանակ հայաստանյան մի քանի խմբեր ներկայացան մի բեմում: «Կրակե օղակ» օպերան ներկայացրին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը և բալետային խումբը, ինչպես նաև «Սպեղանի», Հայաստանի պետական կամերային և «Հովեր» պետական կամերային  երգչախմբերը»,-նշեց Զաքարյանը:

Նա ընդգծեց, որ օպերայում որպես մենակատարներ ելույթ ունեցան բարիտոն Գուրգեն Բավեյանը, սոպրանո Ռուզան Մանթաշյանը, տենոր Լիպարիտ Ավետիսյանը և այլք:

«Արցախցիների հետաքրքրությունը շատ մեծ էր: Պրեմիերան դիտելու եկած հանդիսատեսները շատ էին: Նախատեսում էինք, որ պրեմիերային կգա մոտավորապես 600 հոգի, սակայն իրադարձությանը մասնակցեց մոտ 1000 արվեստասեր»,-հավելեց նա:

Նախագծի հեղինակն ու գեղարվեստական ղեկավարը Սարինե Ավթանդիլյանն էր, դիրժորը՝ Ռուբեն Ասատրյանը, իսկ ռեժիսորը` Մարիա Սահակյանը: Գեղարվեստական նշանակալից միջոցառումն անցկացվեց   ՀՀ  նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ և ԼՂՀ մշակույթի նախարարությունների աջակցությամբ:

Կոմպոզիտոր Ավետ Տերտերյանն իր ստեղծագործական կյանքն սկսել է որպես նորարար: Նա հանդիսատեսին մատուցեց միանգամայն անծանոթ հնչյունային աշխարհ, որտեղ նոր կյանք ստացան ու նորովի հնչեցին հին հայկական ծիսական ձայները՝ լեցուն ժողովրդական տոների խանդավառությամբ, ինչպես նաև կորուստների անամոք վշտով: Տերտերյանի ստեղծագործությունները բազմիցս հնչել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի և Եվրոպայի հանրահայտ բեմերում՝ այդ երկրներում անցկացված միջազգային փառատոնների և կոմպոզիտորին նվիրված համերգների ընթացքում 

Ավետ Տերտերյանը «Կրակե օղակ» օպերան գրել է 1967 թվականին: Նույն տարում օպերայի առաջին բեմադրությունը իրականացրեցին Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Արամ Քաթանյանը, բեմադրող ռեժիսոր Վահագն Բագրատունին, բեմանկարիչ Մինաս Ավետիսյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am