Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սերգո Կարապետյանն Այգեպարում մասնակցել է Գիտելիքի օրվան նվիրված միջոցառմանը

Սերգո Կարապետյանն Այգեպարում մասնակցել է Գիտելիքի օրվան նվիրված 
միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր` սեպտեմբերի 1-ին,  Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ  այցելել է մարզի սահմանամերձ Այգեպար համայնքի միջնակարգ դպրոց` շնորհավորելու դպրոցի մանկավարժներին ու աշակերտներին նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա առթիվ: Բացման խոսքում տնօրեն Արև Արզումանյանը շնորհակալություն է հայտնել նախարարին այցի և ուշադրության համար` նշելով, որ այս Սեպտեմբերի 1-ը  հարատև կմնա ուսուցիչների և աշակերտների հուշերում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Սերգո Կարապետյանն իր ելույթում շնորհավորել է Այգեպար համայնքի ուսուցիչներին, աշակերտներին ու ծնողներին՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ:

«Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ՝  սահմապահ Այգեպար համայնքում,  և Ձեզ հետ միասին դպրոց ենք ուղեկցում մի նոր սերունդ,  որը մեր ապագան է , մեր զինվորն ու վաղվա սահմանապահը:  Շնորհակալություն եմ հայտնում  մանկավարժներին, ծնողներին, գյուղի բնակիչներին իրենց հայրենասիրության համար : Դուք անգամ  հակառակորդի կրակոցների ներքո վերանորոգում եք այս կրթօջախն ու հնչեցնում  առաջին զանգը:  Ես համոզված եմ, որ մենք դաստիարակում ենք շատ  լավ սերունդ և կունենանք  գիտելիքներով հարուստ քաղաքացի: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս անչափ կարևոր տոնի առթիվ և մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, Հայոց բանակին  հզորացում, իսկ  մեր երեխաներին` առողջություն», - իր ելույթում նշել է նախարարը:

Ներկայումս Այգեպարի միջնակարգ դպրոցն ունի 39 աշակերտ, այս տարի դպրոց են հաճախել երեք առաջին դասարանցիներ: Նրանք գյուղատնտեսության նախարարին խոստացել են լավ սովորել և ուսման մեջ ունենալ բարձր առաջադիմություն:

Դպրոցի լավագույն աշակերտներին պատվոգրեր հանձնելուց հետո,  նախարար Սերգո Կարապետյանը ևս մեկ անգամ շնորհավորել է աշակերտներին` փոխանցելով  նրանց  գրենական պիտույքներ, իսկ դպրոցին տրամադրել է համակարգիչ և մարզական գույք: ՀՀ գյուղատնտեսության նախարարն օժանդակել է նաև աշակերտների ծնողներին` հոգալով դասագրքերի ձեռքբերման ծախսերը:

Նախարարը մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ շրջել է դպրոցի վերակառուցվող մասնաշենքում, հետևել շինարարարկան աշխատանքների ընթացքին, զրուցել համայնքի բնակիչների, ծնողների և ուսուցիչների հետ:

Սերգո Կարապետյանը հանդիպել է նաև Այգեպար համայնքի` հակառակորդի կրակահերթերի արդյունքում հրդեհված երկու տների բնակիչներին, զրուցել է նրանց հետ, հետաքրքվել նրանց որպիսությամբ և աջակցություն ցուցաբերել այդ ընտանիքներին:

 Այգեպար համայնքի բնակիչները նախարարին  խնդրել են օժանդակել գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման գործում:  Նախարարը խոստացել է օգնել, որպեսզի համայնքն ընդգրկվի «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության  ծրագրի» մեջ:

Սերգո Կարապետյանն այնուհետև այցելել է մարզի «Մագա» ՍՊԸ, որը զբաղվում է հյութերի, պահածոների ու մուրաբաների պատրաստմամբ: Նախարարը հանդիպել է գործարանի տնօրինության հետ, լսել նրանց խնդիրներն ու պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել, որպեսզի գործարանն աշխատի իր ողջ ներուժի սահմաններում:

Նախարարի հաջորդ կանգառը Երևանի կոնյակի գործարան ՓԲԸ Բերդավանի մասնաճյուղում է եղել, ուր նրան տեղեկացրել են, որ սեպտեմբերի 15-ին գործարանը կսկսի խաղողի մթերման աշխատանքները:  Խաղողի մթերման գինը մեկ կգ-ի համար սահմանվել է 140 դրամ:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի Տավուշի մարզ այցի վերջին կանգառը «Իջևանի գինու և կոնյակի գործարանն» է եղել, ուր ընթացքի մեջ են  պտուղ-բանջարեղենի մթերման և պահածոյացման աշխատանքները: Գործարանի փոխտնօրեն Գագիկ Աղաբաբյանը նախարարին ներկայացրել է, որ այս տարի այստեղ մթերվել է հոն և ծիրան՝ օղու արտադրության համար, իսկ սեպտեմբերի 15-ից հետո գործարանում կսկսվի անսահմանափակ ծավալով խաղողի մթերումը: Գործարանն ունի 50 աշխատակից և նրա հիմնական արտադրանքը սպառվում է Ռուսաստանի Դաշնությունում, ԱՄՆ-ում, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրներում: Փոխտնօրենի խոսքով` թեև գործարանն ունեցել է արտադրանքի սպառման հետ կապված որոշակի խնդիրներ, սակայն այժմ, երբ Հայաստանի համար ստեղծվել են արտահանման ծավալները դեպի ռուսաստանյան շուկա ավելացնելու նախադրյալներ, կան մեծ հույսեր, որ իրենց արտադրնաքն այլևս լիովին կսպառվի:

Նախարարը համոզվել է, որ ինչպես պտղի, այնպես էլ խաղողի մթերման աշխատանքները սահուն կընթանան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am