Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վենետիկյան կինոփառատոնում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին թուրք ռեժիսորի ֆիլմը

Վենետիկյան կինոփառատոնում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին թուրք 
ռեժիսորի ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկյան 71-րդ միջազգային կինոփառատոնում առաջին անգամ ցուցադրվել է թուրքական ծագում ունեցող գերմանացի կինոռեժիսոր Ֆաթիհ Աքինի` Հայոց ցեղասպանությանը նվիրված «Սպի» ֆիլմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:

Ֆիլմի պրեմիերայից առաջ Աքինը «Սպի»-ում նկարահանված դերասաններ Թահար Ռահիմի, Լարա Հելլերի, Սիմոն Աբգարյանի, Հինդի Զահրայի ևՄաքրամ Խորիի հետ մամուլի ասուլիս է կազմակերպել: Անդրադառնալով այն սպառնալիքներին, որոնք սկսել էին հնչել ռեժիսորի հասցեին «Ակոս» պարբերականին տված հացազրույցից հետո` Աքինն ասել է, որ պատրաստ է մահանալ հանուն արվեստի:

Ֆիլմում նկարահանված հայ դերասան Սիմոն Աբգարյանը նշել է, որ ֆիլմը լինելու է այն, ինչ հայերն ակնկալում են: «Շատ ժամանակ ծախսվեց, որևէ բան ձեռնարկելու համար անհրաժեշտ էր, որ երեք սերունդ անցնի: Առաջին սերունդը պայքարեց ողջ մնալու, երկրորդը` ապրելու համար, իսկ երրորդ սերունդն արդեն անցավ գործողությունների և պայքարեց Հայոց ցեղասպանությունը ճանաչել տալու համար:

Այդ պատմությունը պատմելու համար միայն մեկ ֆիլմ բավարար չէ: Շատ ֆիլմեր են հարկավոր»,- նշել է Աբգարյանը: «Սպի» ֆիլմի սցենարի հեղինակներն են հենց ինքը` ռեժիսորը, և Մարտիկ Մարտինը:

Ֆիլմը պատմում է Ցեղասպանությունը վերապրած հայ մարդու` Նազարեթ Մանուկյանի մասին, ով տարիներ անց հանկարծակի իմանում է, որ իր զույգ աղջիկները հնարավոր է ողջ են մնացել և սկսում է նրանց փնտրտուքները: Մեկ ժամ երեսունութ րոպե տևողությամբ ֆիլմն անգլերեն լեզվով է:

Եվրոպացի նշանավոր կինոգործիչ, ազգությամբ թուրք Ֆաթիհ Աքինը ծնվել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում: Նա Կաննի ու Բեռլինի միջազգային կինոփառատոնների գլխավոր մրցանակների դափնեկիր է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am