Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հիմնական դպրոցներում կրեդիտային համակարգ ներդնելու անհրաժեշտություն չկա. ԿԳ փոխնախարար

Հիմնական դպրոցներում կրեդիտային համակարգ ներդնելու անհրաժեշտություն 
չկա. ԿԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հիմնական դպրոցներում կրեդիտային համակարգ չի ներդրվի: Այս մասին Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրենների և ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությանը, պատասխանելով ուսուցիչներից մեկի հարցին, նշեց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Նրա խոսքով՝ կրեդիտային համակարգ կներդրվի միայն ավագ դպրոցներում:

«Ավագ դպրոցը երեխային հնարավորություն է տալիս ընդհանուր մակարդակի կրթություն ստանալուց հետո, փոքր-ինչ իր անձնական շահերից ելնելով, սկսել սովորել: Կրեդիտային համակարգ հիմնական դպրոցներում ներդնելու իմաստ չկա: Այսօր օրակարգում նման հարց չկա: Կարծում եմ, որ նախարարն էլ կողմ չի լինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ ավագ դպրոցներում կրեդիտային համակարգ ներդնելու հայեցակարգը մշակման փուլում է: «Դրա նպատակն է, որ ավագ դպրոցը դառնա միջանկյալ օղակ բուհի և հանրակրթական դպրոցի միջև»,- հավելեց Մանուկ Մկրտչյանը: ՀՀ ԿԳՆ մշակած հայեցակարգը փորձնական տարբերակով կներդրվի մի շարք դպրոցներում:

Հայաստանում կրեդիտային համակարգ գործում է  բարձրագույն կրթության բնագավառում: Կրեդիտների համակարգն ուսումնական  գործընթացի կազմակերպման համակարգված ամբողջություն է, որի առանձին բաղադրիչների հաջող յուրացումից հետո տրվում են կրեդիտներ,  որոնք և կուտակվում են ամբողջ ուսումնական գործընթացի ժամանակ:  Բարձրագույն կրթության  ուսումնական գործընթացում կրեդիտի` իբրև ուսումնական ծանրաբեռնվածության միավորի բաշխումը հիմնված է տարբեր հասկացությունների վրա` ներառյալ լսարանային ժամերը, արտալսարանային  ժամերը, գրավոր աշխատանքները, թեստերը, մոդուլային գրավորները և այլն:

Կրեդիտային համակարգը ներդրվել է անցյալ դարի 30-ականներին ԱՄՆ-ի կրթական համակարգում: Շնորհիվ կրեդիտային համակարգի և մոդուլային  սկզբունքի կիրառման` ստեղծվում են ուսումնական պլաններ և ծրագրեր, որոնք հարմարեցված են աշխատաշուկայի արագ  փոփոխվող պահանջներին և զարգացման ժամանակակից միտումներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am