Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանում կբացվի Մանկական կուրության կանխարգելման գերազանցության առաջին կենտրոնը

Երևանում կբացվի Մանկական կուրության կանխարգելման գերազանցության առաջին 
կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում օգոստոսի 29-ին ծանոթացել է  շինարարական աշխատանքների ընթացքին: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդեցին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախորդ տարի մեկնարկած աշխատանքների ավատից հետո ինստիտուտը կհամալրվի նոր մասնաշենքով, որտեղ  կկազմակերպվի 5-6 նոր բաժանմունք, այդ թվում` Մանկական կուրության կանխարգելման գերազանցության առաջին կենտրոնը: Շուրջ երկու տարի տևած նախապատրաստական մանրակրկիտ աշխատանքից հետո այցելուների համար կենտրոնն իր դռները կբացի ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջին:

«Գերազանցության կենտրոնը կգործի Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, գինեկոլոգիայի և մանկաբարձության ինստիտուտի շենքում: Կենտրոնի առաքելությունը  մանկական կուրության կանխարգելումն ու անհասության ռետինոպաթիա  հիվանդության դեմ պայքարն է»,- ասել է ինստիտուստի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը: Նրա խոսքով` ինստիտուտում լայն թափով  իրականացվող  շինարարական աշխատանքների ավարտը նախանշված է 2015 թվականի վերջին: Շինարարությունն իրականացվում է  բացառապես ինստիտուտի ֆինանսական միջոցների հաշվին` առանց հավելյալ օժանդակության:

Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը  հանրապետության ծննդօգնություն իրականացնող ամենամեծ հիմնարկներից մեկն է, որտեղ մատուցվում է  մանկաբարձա-գինեկոլոգիական համալիր ծառայություն` սպասարկելով ողջ հանրապետության ազգաբնակչությանը, հատկապես՝ մարզերից ուղեգրված ծանր դեպքերը:

Առաջիկայում ինստիտուտում նախատեսվում է ընդլայնել և արդիականացնել անհաս և ցածր քաշով, ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող նորածինների բաժանմունքը, մասնավորապես,  նրանց տեսողության հետազոտության ներդրումը, ներգանգային արյունազեղումների ժամանակին ախտորոշումը, որի համար կառուցվում է կից բաժանմունք։

Նախատեսվում է նաև բոլոր ծննդաբերությունների և ծննդկանների համար ունենալ անհատական հիվանդասենյակներ, ինչպես նաև արդիական պայմաններ խնամողների համար։

Նախարարը բարձր է գնահատել ինստիտուտի զարգացմանը միտված փոփոխությունները:

Աբրահամյանը նշել է, որ  իր ղեկավարած կառույցում իրականացվող բոլոր բարեփոխումներն առաջին հերթին ուղղված են մեր երկրում պերինատալ ծառայության զարգացմանը:

«Այլ ծառայություններ մենք միտումնավոր չենք ներդրել՝ բուժանձնակազմի ողջ ներուժը պերինատալ ծառայությունների իրականացման վրա կենտրոնացնելու նպատակով»,- պարզաբանել է ինստիտուտի տնօրենը:

Նախարարն իր հերթին առաջարկել է  ստեղծել  արագ արձագանքման հատուկ խմբեր, որոնք  հնարավորություն կտան հեռակապի միջոցով մասնագիտական խորհրդատվություն տրամադրելով Երևանում և մարզերում  անգամ ամենադժվարին իրավիճակներում` ապահովել մատուցվող բժշկական ծառայությունների որակն ու օպերատիվությունը:

Ինստիտուտի ծննդաբերական բաժանմունքում տարեկան արձանագրվում է մոտ 3 հազար ծննդաբերություն։ Այստեղ առաջատար տեխնոլոգիաներով ցուցաբերվում է ժամանակակից մանկաբարձական օգնություն: Բարձր որակավորում ունեցող բժիշկների թիմը` մանկաբարձ-գինեկոլոգները, անեսթեզիոլոգները, նեոնատոլոգները` տիրապետելով անհետաձգելի օգնության բոլոր մեթոդներին, շուրջօրյա օգնություն է ցուցաբերում:

Այցի շրջանակում նախարարը շրջել է բաժանմունքներով, ծանոթացավ շենքային և նյութատեխնիկական պայմաններին, զրուցել հիվանդների հետ:

Նույն օրն Արմեն Մուրադյանն այցելել է նաև ՀՀ առողջապահության նախարարության Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, ուր տնօրեն Նորայր Դավիդյանի ուղեկցությամբ ծանոթացել է գերմանացի մասնագետների կողմից նվիրաբերված սարքավորումներին:

Կենտրոնն զբաղվում է բժշկական ռադիոլոգիայի, ռադիոկենսաբանության, ճառագայթային հիգիենայի և ճառագայթային էկոլոգիայի արդիական խնդիրներով: Կիրառելով ժամանակակից հետազոտության մեթոդները` բարձրակարգ մասնագետներն իրականացնում են ընդհանուր և տեղական ճառագայթային վնասնածքներ ունեցող հիվանդների, այդ թվում` Չեռնոբիլի ԱԷԿ-ի և ճառագայթային այլ վթարների հետևանքների վերացմանը մասնակցած անձանց ախտորոշում, բուժում և վերականգնում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am