Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Թուրքիայի միակ հայկական գյուղն արտագաղթը կանխելու համար ցանկանում է նոր շունչ ստանալ

Թուրքիայի միակ հայկական գյուղն արտագաղթը կանխելու համար ցանկանում է նոր 
շունչ ստանալ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի միակ հայկական գյուղի` Վաքըֆլըի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու հիմնադրամի ղեկավարությունը մտադիր է նոր նախագծեր իրականացնել` գյուղին նոր շունչ հաղորդելու համար: Այդուհանդերձ, այդ ծրագրերի իրականացման համար զգալի օգնություն է անհրաժեշտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Օգոստոսի 31-ին Վաքըֆլըի հայկական եկեղեցու հիմնադրամը նախատեսում է զոհաբերություն (մատաղ) անել Ստամբուլի Քընալըադա կղզու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Արարողությանը ներկա է գտնվելու նաև Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու հիմնադրամի ղեկավար Ջեմ Չափարը հայտնել է, որ նման արարողություն իրենք կատարում են ամեն տարի: Նա ուրախությամբ հայտնել է, որ Հաթայ նահանգում գտնվող Վաքըֆլը գյուղում հայկական եկեղեցու վերակառուցումից հետո զգալի հոսք է սկսվել դեպի գյուղ: Այդուհանդերձ, նա նշել է, որ իրենք ունեն նոր ծրագրեր հայկական գյուղի վերակենդանացման հետ կապված, որոնք, սակայն, պահանջում են շուրջ 450 հազար թուրքական լիրա (ավելի քան 210 հազար ԱՄՆ դոլար) գումար:

Ուշադրություն հրավիրելով լեզվական խնդրին` Չափարը նշել է, որ իրենք ցանկանում են հայերենի դասընթացներ բացել: «Առանց այն էլ քչացել ենք: Գյուղի բնակչությունը 600 էր, այժմ դարձել է 330: Նախկինում մեր կարիքներն ինքներս էինք հոգում, սակայն այժմ Ստամբուլի կարիքն ունենք: Անհրաժեշտ է, որ ամեն ոք ձեռք ձեռքի տված կյանք տա այս գյուղին: Դպրոց ունենք, սակայն չկա հայերենի դասընթաց: Հայոց լեզվի դասավանդումը երկրորդ գործոնը կարող է դառնալ, որ այստեղից արտագաղթը նվազի: Այլապես դատապարտված ենք վերանալու»,- ասել է Չափարը` հավելելով, որ ինքն էլ աստիճանաբար կորցնում է լեզուն: Նրա հավաստմամբ`հայոց լեզու դասավանդող բերելու պարագայում, Հաթայի համալսարանը կհոգա բոլոր ծախսերը:

Ջեմ Չափարն անդրադարձել է նաև գյուղում հայ կանանց կողմից մուրաբաներ, լիկյորներ պատրաստելու գործընթացին` ընդգծելով, որ դրանցից իրենք ոչ միայն զգալի շահույթ են ստանում, այլև խթան են ունենում գյուղը չլքելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am