Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ավետ Տերտերյանի հոբելյանի առթիվ կներկայացվի նրան նվիրված տեսաֆիլմը

Ավետ Տերտերյանի հոբելյանի առթիվ կներկայացվի նրան նվիրված տեսաֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ավետ Տերտերյանի 85-րդ հոբելյանը կնշվի «Նարեկացի» արվեստի միությունում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի կոմպոզիտորների միությունից, օգոստոսի 26-ին կանցկացվի  երեկո՝  նվիրված Տերտերյանի հոբելյանին: Այդ երեկոյի ընթացքում կցուցադրվի webtv.am ինտերնետ հեռուստատեսության կողմից պատրաստած «Մնացյալը կյանքն էր…» տեսաֆիլմը, որում օգտագործված են եզակի կադրեր կոմպոզիտորի անձնական արխիվից, իսկ նկարահանումները կատարվել են Այրիվանում՝ նրա ձեռքով կառուցված տանը: Տերտերյանի մասին պատմում են նրա որդին՝ երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը, Այրիվանի նրա հարևանները: Հնչում են հատվածներ Ավետ Տերտերյանի 60-ական թվականներին գրված երգերից, ինչպես նաև նրա հանրահայտ 3-րդ և 6-րդ սիմֆոնիաներից:

Հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ավետ Տերտերյանը հուլիսի 29-ին կտոներ իր հոբելյանը: Անվանի արվեստագետը կդառնար 85 տարեկան: Ավետ Տերտերյանը ծնվել է 1929 թվականին, Բաքվում։ 1948-51թթ. հաճախել է Բաքվի երաժշտական ուսումնարան: 1951թ. տեղափոխվել է Երևան, որտեղ հաճախել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան: 1952-57թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում: 1967թ. ավարտել է ասպիրանտուրան` Էդվարդ Միրզոյանի ղեկավարությամբ: 1970-ից աշխատել է որպես գործիքավորման դասախոս Երևանի պետական կոնսերվատորիայում, 1983-ից պրոֆեսոր է: Եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: 1972թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր, 1984թ.` ժողովրդական արտիստի կոչման: 1977թ. պարգևատրվել է ՀԽՍՀ պետական մրցանակով: Հեղինակել է երկու օպերա, բալետ, կամերային երաժշտություն՝ այդ թվում 2 լարային կվարտետ, վոկալ և ֆիլմի երաժշտություն։ Վախճանվել է 1994-ին, Եկատերինբուրգում, թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

Տերտերյանի ստեղծագործությունները բազմիցս հնչել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի և Եվրոպայի շատ հանրահայտ բեմերում՝ այդ երկրներում անցկացված միջազգային փառատոնների և կոմպոզիտորին նվիրված համերգների ընթացքում: Կոմպոզիտորի հոբելյանի առթիվ միջոցառումներ կկազմակերպվեն Հայաստանում, Արցախում և արտասահմանում: Մասնավորապես, Տերտերյանի «Կրակե օղակ» օպերան սեպտեմբերի 1-ին կներկայացվի Շուշիի ամրոցում: Միջոցառումը նվիրված է Արցախի անկախության օրվան և Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am