Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հանրակրթական դպրոցներում նոր առարկա` «Ազգային երգ ու պար» կդասավանդեն

Հանրակրթական դպրոցներում նոր առարկա` «Ազգային երգ ու պար» կդասավանդեն

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության 10 դպրոցներում այս տարվա սեպտեմբերից կներդրվի «Ազգային երգ ու պար» առարկան: Նոր առարկան փորձնական եղանակով կդասավանդվի այդ դպրոցների հինգերորդ դասարանների աշակերտներին: ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի խոսքով, նոր առարկայի շնորհիվ աճող սերունդը կստանա հայրենասիրական դաստիարակություն:

«Երեխային պետք է մոտեցնել իր արմատներին, արժեքներին, իր երգին ու պարին: Ազգայինը չպետք է մոռացվի: Երեխան պետք է ծանոթ լինի իր պապերի երգ ու պարին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Նարինե Հովհաննիսյանը:

Առարկայի փորձարկումը դպրոցներում կսկսվի հենց այս սեպտեմբերից: «Կփորձենք հասկանալ, թե ինչպես է այն իրականացվելու, ովքեր են դասավանդելու: Կադրերի հետ կապված խնդիր կա, որովհետև երևի թե ոչ բոլոր երգի ուսուցիչները պարելու հնարավորություն ունեն, բայց նախատեսվում է վերապատրաստել այդ բոլոր մանկավարժներին: Մենք դեռևս ընտրել ենք այն դպրոցները, որտեղ ճշտել ենք, որ ուսուցիչները կարող են նաև պար դասավանդել»,-ընդգծեց Հանրակրթության վարչության պետը:

Նրա խոսքով, առարկան դեռևս կփորձարկվի միայն հինգերորդ դասարանում, սակայն նախարարությունը նախատեսել է  «Ազգային երգ ու պար» առարկան մոտ ապագայում ներդնել նաև հանրակրթական դպրոցի 5-9-րդ դասարանների ուսումնական պլանում:

«Կստեղծվեն համապատասխան մեթոդաբանական ձեռնարկներ, տեսասկավառակներ, որոնք կօգնեն ուսուցչին և երեխաներին: Կքննարկվի նաև լրացուցիչ ժամերի հատկացման հարցը: Հավանաբար, մեկ տարվա ընթացքում 7-8 ազգային երգ ու պար ուսուցանվի»,-ընդգծեց Հովհաննիսյանը:

ԿԳՆ հանրակրթության վարչության պետը վստահեցրեց, որ այլ նոր առարկաներ դպրոցներում դեռևս չեն ներդրվի, քանի որ ուսումնական պլանը շատ ծանրաբեռնված է: «Ցանկացած տեսակի առարկաներ ունենք: Այս պահին դպրոցական ծրագրերն ու առարկանները  նորմալ վիճակում են»,-հավելեց Նարինե Հովհաննիսյանը:

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի ուսուցիչ Աննա Սաֆարյանը սեպտեմբերից հայ մանուկներին կծանոթացնի հայկական երգ ու պարին: «Շատ ուրախ եմ, որ նման առարկա է ներդրվում: Ես կարծում եմ, որ սա մեր սերնդի համար իսկապես անհրաժեշտություն է, և շատ կարևոր քայլ է: Մեզ համար կարևոր է հարազատ մնալ մեր ակունքներին: Դպրոցում աշխատում եմ որպես դասվար և փորձել եմ այս չորս տարում երեխաների մեջ սեր սերմանել ազգային պարերի նկատմամբ, հաճախ ենք մասնակցել «Կարին» համույթի բացօթյա դասերին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սաֆարյանը:

Աննա Սաֆարյանն ասաց, որ սեպտեմբերից առավել մեծ ոգևորությամբ է աշխատելու աշակերտների հետ: «Օգոստոսի 20-ից հետո ուսուցիչները կմասնակցեն վերապատրաստումների, և պարզ կլինի, թե որքան երգ և պար կսովորեցնենք երեխաներին: Աշխատելու եմ մեր դպրոցի հինգերորդ դասարանում սովորող մոտավորապես 80 աշակերտի հետ»,-նշեց մանկավարժը:  Նրա խոսքով, նոր առարկայի դասավանդման առթիվ ոգևորված են նաև երեխաների ծնողները:

Ռոզա Գրիգորյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am