Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԱՄՆ-ում կազմակերպվող ֆոլկլորային փառատոնն առաջիկա տարիներին որպես թեմատիկա կընտրի Հայաստանը

ԱՄՆ-ում կազմակերպվող ֆոլկլորային փառատոնն առաջիկա տարիներին որպես 
թեմատիկա կընտրի Հայաստանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն օրերս ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակի (USAID) տնօրեն Քարեն Հիլիարդին, տնտեսական աճի գրասենյակի փոխտնօրեն Ջեֆ Փարետչանին և գրասենյակի ծրագրային մասնագետ Դիանա Ավետյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում Քարեն Հիլիարդը ներկայացրել է Հայաստանում իրենց կատարած աշխատանքները, նշել, որ հիմնականում աշխատում են տնտեսական զարգացման ուղղությամբ, որը ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները` հավելելով, որ նախանշել են նաև հեռանկարային զարգացման ներուժ ունեցող ևս երկու ոլորտ՝ գյուղատնտեսություն և զբոսաշրջություն:

Այնուհետև գրասենյակի ղեկավարը տեղեկացրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Սմիթսոնյան հաստատության հետ փոխըմբռման հուշագրի կնքման մասին` հայտնելով, որ մշակում են համապարփակ հայեցակարգային փաստաթուղթ հետագա համագործակցության շրջանակներն ընդլայնելու համար, որը կներառի գրեթե բոլոր ոլորտները: Միևնույն ժամանակ հյուրերը ներկայացրել են Սմիթսոնյան ծրագրի հետ կապված մանրամասներ, որոնք ընդգրկում են ենթակառուցվածքների զարգացման, մշակութային ժառանգության պահպանության, նոր զբոսաշրջային արտադրանքի ձևավորման և այլ ոլորտներ: Անդրադարձ է  կատարվել նաև յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ում կազմակերպվող ֆոլկլորային փառատոնին, որը մեծ ազդեցություն է ունենում զբոսաշրջիկների հոսքի մեծացման վրա: Քարեն Հիլիարդը նշել է, որ բավականին մեծ հավանականություն կա, որ առաջիկա տարիներին նշված փառատոնի թեմատիկա ընտրվի Հայաստանը:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և առաջարկել ներկայացված ծրագիրը քննարկել առավել լայն լսարանով: Միևնույն ժամանակ նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության կողմից մշակվել են մի շարք ռազմավարական ծրագրեր, ինչպիսին է Երևան-Մեղրի զբոսաշրջային զարգացման հեռանկարային ծրագիրը, որն ընդգրկում է 3 մարզերի (ՀՀ Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր) գրեթե բոլոր բաղադրիչները, սկսած երթուղու ճանապարհներին առկա հուշարձաններից վերջացրած ենթակառուցվածքների զարգացումը: Այդ ծրագիրը ներկայացվել է մի շարք դոնոր կազմակերպությունների, ինչպիսին է Համաշխարհային բանկը և անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործվել Սմիթոսոնյան ծրագրի նախապատրաստման և իրականացման փուլերում:

ՀՀ մշակույթի նախարարն անդրադարձել է մշակույթի նախարարության և ԱՄՆ դեսպանների  մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի հետ հաջող համագործակցությանը: Հիշատակվել է Դաշտադեմի ամրոցի և նրա շրջակայքում գտնվող մշակութային ժառանգության, տարածքների ուսումնասիրման, գնահատման, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման (1-ին փուլ) ծրագիրը, որի իրականացումը համաֆինանսավորվում է ՀՀ կառավարության կողմից: Նախարարը կարևորել է նաև ծրագրի գնահատումը և առաջարկել է ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի առաջացած հարցերի լուծմամբ և տեղեկատվության փոխանակմամբ:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են առավել հաճախակի հանդիպել՝ իրականացված աշխատանքների արդյունքներն ամփոփելու և ծրագրելու հետագա անելիքները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am